Գերմանիայի կանցլերը քննադատել է Իսրայելի գործ...

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցն Իսրայելին ուղղված իր ամենախիստ քննադատությունն է հնչեցրել՝ դատապարտելով Գազայի հատվածի վրա իրականացված զանգվածային օդային հարվածները՝ դրանք համարելով չարդարացված ՀԱՄԱՍ-ի դեմ պայքարում և «այլևս անհասկանալի»։ Ինչպես տեղեկանում է Reuters-ից, այս մասին Մերցը հայտարարել է Ֆինլանդիայի Տուրկու քաղաքում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։

«Իսրայելցիների կողմից Գազայի հատվածում իրականացված զանգվածային ռազմական հարվածներն ինձ համար այլևս որևէ տրամաբանություն չեն բացահայտում: Ինչպես են դրանք ծառայում ահաբեկչության դեմ պայքարի նպատակին.... Այս առումով ես դրան շատ քննադատաբար եմ մոտենում», - ասել է Մերցը։

«Ես նույնպես նրանց թվում չեմ, ովքեր առաջինն էին դա ասել.... Բայց թվում էր և թվում է, որ եկել է ժամանակը, երբ ես պետք է հրապարակավ ասեմ, որ այն, ինչ այժմ տեղի է ունենում, այլևս հասկանալի չէ», - հավելել է նա։

Մեկնաբանությունները հատկապես ուշագրավ են այն առումով, որ Մերցը, որը փետրվարին հաղթել է ընտրություններում, խոստացել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին հյուրընկալել Գերմանիայում՝ չնայած Միջազգային քրեական դատարանի կողմից տրված ձերբակալման հրամանին։

Մերցը նաև գրասենյակում կախել է Զիկիմ լողափի լուսանկարը, որտեղ ՀԱՄԱՍ-ի մարտիկները 2023 թվականի հոկտեմբերին հարձակում էին սկսել՝ խլելով մոտ 1200 մարդու կյանք։

Նմանատիպ քննադատություն էր հնչել նաև Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլի կողմից։ Բացի այդ, Իսրայել զենքի արտահանումն արգելելու կոչեր էին հնչել կրտսեր կոալիցիոն գործընկեր սոցիալ-դեմոկրատների կողմից։

Գերմանիան Միացյալ Նահանգների հետ միասին Իսրայելի ամենաուժեղ կողմնակիցներից մեկն է եղել, սակայն Մերցի խոսքերը հնչում են այն ժամանակ, երբ Եվրամիությունը վերանայում է իր քաղաքականությունն Իսրայելի նկատմամբ։ 

Ավելի վաղ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Կանադան սպառնացել էին «կոնկրետ գործողություններ» ձեռնարկել Իսրայելի դեմ Գազայի հարցում։