Գերմանիայի կանցլերը հեռախոսազրույց է ունեցել...

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հեռախոսազրույցներ է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և նրա ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկու հետ, հաղորդում է Taggeschau-ն։

Ըստ գերմանական լրատվամիջոցների՝ ԱՄՆ նախագահի հետ իր առաջին զրույցի ժամանակ Մերցը վստահեցրել է Թրամփին, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից 80 տարի անց ԱՄՆ-ը մնում է Գերմանիայի անփոխարինելի ընկերն ու գործընկերը։ Երկու երկրների ղեկավարները հայտարարել են ԱՄՆ և Գերմանիա փոխադարձ այցերի մասին։

Կողմերը համաձայնել են նաև սերտորեն համագործակցել Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու գործում, հայտարարել է կառավարության խոսնակ Ստեֆան Կոռնելիուսը։

«Միևնույն ժամանակ, նախագահ Թրամփը և կանցլեր Մերցը համաձայնության եկան արագ լուծել առևտրային վեճերը», -նշել է Կոռնելիուսը։

Միաժամանակ, Մերցը պնդում է, որ ԵՄ-ն և ԱՄՆ-ն պետք է համաձայնության գան բոլոր մաքսատուրքերը վերացնելու հարցում։ «Ես չեմ ուզում, որ մենք ներքաշվենք բաց առևտրային պատերազմի մեջ», -ասել է նա։ Նա միաժամանակ տեխնոլոգիական ստանդարտների փոխադարձ ճանաչման հարցում էական ընդլայնման կոչ է արել։

Գերմանիայի կանցլերը հայտարարել է նաև, որ համամիտ է Թրամփի պահանջի հետ՝ պատերազմի արագ ավարտի վերաբերյալ։ «Ռուսաստանը պետք է հիմա համաձայնի հրադադարի՝ բանակցությունների համար տարածք ստեղծելու համար», -հայտարարել է կառավարության խոսնակը։

Թրամփը խոստացել է «վճռականորեն» աջակցել Գերմանիայի ջանքերին՝ Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Լեհաստանի և այլ եվրոպական գործընկերների հետ միասին երկարատև խաղաղության հասնելու համար։ Երկու կողմերն էլ համաձայնության են եկել հետագա սերտ փոխանակումների և Միացյալ Նահանգներ և Գերմանիա փոխադարձ այցելությունների շուրջ։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ հեռախոսազրույցի ժամանակ կանցլերը խոստացել է երկրին Ռուսաստանից պաշտպանվելու հարցում հետագա աջակցություն ցուցաբերել։ Երկու առաջնորդներն էլ ճանաչել են Թրամփի «միջնորդական ջանքերը» Ուկրաինայի պատերազմում, նշել է կառավարության խոսնակ Կոռնելիուսը։

Մերցը շեշտել է, որ «Գերմանիան աջակցում է այս ջանքերին՝ Ֆրանսիայի, Միացյալ Թագավորության և եվրոպացի գործընկերների հետ սերտ համագործակցությամբ»։ Դա ներառում է Ուկրաինային օգնելը արդյունավետորեն պաշտպանվել ռուսական ագրեսիայից և «ճնշում գործադրել Ռուսաստանի վրա», շեշտել է կառավարության խոսնակը։ Մերցը և Զելենսկին համաձայնել են, որ Ռուսաստանը պետք է համաձայնի հրադադարին։