Գերմանիան պետք է պատասխանի «Հյուսիսային հոսք» գազատարների պայթեցմանն առնչվող բոլոր հարցերին, «Известия» -ին տված մեկնաբանությունում ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
«Նրանք պետք է դադարեն կտրականապես հրաժարվել ներկայացնել փաստեր, որոնք իրենք չէին կարող չբացահայտել։ Երբ մեր պահանջած տեղեկության գոնե մի մասը պաշտոնական ուղիներով չի տրամադրվում, այլ հայտնվում է թերթի նյութերում (և միաժամանակ երեք գերմանական և ամերիկյան պարբերականներում), սա հուշում է, որ ամեն ինչ բեմականացված է։
Գործողությունը մտահղացվել է այն նպատակլով, որ Գերմանիայում և աշխարհում հասարակական կարծիքը ինչ-որ կերպ շեղեն ահաբեկչական գործողության իրական հեղինակներից, կատարողներից և պատվիրատուներից: Մենք պնդելու ենք թափանցիկ միջազգային հետաքննություն անցկացնել»,- ասել է Լավրովը։
ՌԴ ԱԳՆ ղեկավարը միաժամանակ նշել է, որ Գերմանիայի համար ամոթալի է լուռ հաշտվել այն մտքի հետ, որ իրեն զրկել են էներգետիկ և տնտեսական բարեկեցության երկարաժամկետ հիմքից։
«Շատ տասնամյակներ շարունակ դա եղել է Գերմանիայի զարգացման բանալին՝ հանձին ողջամիտ գներով ռուսական գազի կայուն մատակարարումների: Բեռլինը սոսուփուս, առանց մեկնաբանությունների ամեն ինչ «կուլ տվեց»։
Այժմ տեսնում ենք ամեն ինչ գործարարների հետ խմող ինչ-որ սպաների վար բարդելու փորձեր, ու իբր ինչ-որ մեկին վարձել են, կամ իրենք են որոշել սուզվել սովորել։
Դա լուրջ չէ: Եթե անգամ գերմանական մամուլում հիշատակված անձանցից մեկը (խոսքը ուկրաինացիների մասին է) ինչ-որ կերպ ներգրավված լիներ, պարզ է, որ նրանք չէին կարող դա միայնակ անել։ Նման ահաբեկչություն իրագործելու համար հրաման է եկել «ամենավերևից»։ Իսկ Արևմուտքի համար «ամենավերևում» Վաշինգտոնն է»,- հավելել է Լավրովը:
Պայթյունները եղել են 2022 թվականի սեպտեմբերի 26-ին, միաժամանակ դեպի Եվրոպա ռուսական գազի արտահանման երկու խողովակաշարերում՝ «Հյուսիսային հոսք» և «Հյուսիսային հոսք 2»:
Գերմանիան, Դանիան և Շվեդիան նպատաուղղված դիվերսիաների վարկածը չեն բացառել։ «Հյուսիսային հոսք»-ի օպերատորը Nord Stream AG-ն հայտնել է, որ գազատարների վրա արտակարգ իրավիճակներն աննախադեպ են, իսկ վերանորոգման ժամկետն էլ անհնար է գնահատել: Ռուսաստանի գլխավոր դատախազությունը միջազգային ահաբեկչության փաստով գործ է հարուցել։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, որը գազատարի պայթյունն ակնհայտ ահաբեկչություն էր որակել, հոկտեմբերի 31-ին հայտնել է, որ «Газпром»-ին թույլ են տվել ստուգել պայթյունի վայրը, իսկ ընկերության ղեկավար Ալեքսեյ Միլլերը զեկուցել է նրան ստուգման մասին։



