
Գերմանիան լրացուցիչ 96 մլն եվրո կտրամադրի Լիբանանին որպես հումանիտար օգնություն՝ զարգացման նպատակով։ Այս մասին հայտնել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննաբելա Բերբոքը Փարիզի Լիբանանի վերաբերյալ համաժողովում։
«Մենք հստակ հասկացնում ենք, որ ոչ միայն տեսնում ենք տառապանքները Լիբանանում այս օրերին, այլեւ միջոցներ ենք ձեռնարկում։ Մենք աջակցում ենք մարդկանց տեղերում, որոնք ցանկանում են միայն մեկ բան. ապրել անվտանգ եւ խաղաղ, ինչպես եւ շատ մարդիկ Իսրայելում»,- ասել է Բերբոքը։ Նրա խոսքերը մեջբերել է Reuters գործակալությունը։
«Այսօրվա համաժողովում Գերմանիան ի աջակցություն Լիբանանի խոստացել է հատկացնել 96 մլն եվրո լրացուցիչ միջոցներ Լիբանանում ճգնաժամի դեմ պայքարելու համար։ Այդ գումարից Գերմանիայի տնտեսական համագործակցության եւ զարգացման նախարարությունը տրամադրում է 60 մլն Լիբանանի եւ Սիրիայի համար, որոնք Բունդեսթագի բյուջետային կոմիտեն հավանության է արժանացրել անցած շաբաթ։ Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը հատկացնում է 36 մլն եվրո»,- նշվել է երկու նախարարությունների համատեղ հայտարարությունում։