Գերմանիայի, Կանադայի և Նորվեգիայի արտաքին գործերի նախարարները Բրյուսելում ՆԱՏՕ-ի արտաքին գործերի նախարարների հանդիպմանը մեկնելուց առաջ հայտնել են «Ուկրաինայի առաջնահերթ պահանջների ցանկ» (PURL) նախաձեռնության միջոցով Կիևի համար համապատասխանաբար 200, 235 և 500 միլիոն դոլարի զենք գնելու մասին։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս Ուկրաինա»-ն։
«Գերմանիան Ուկրաինային կտրամադրի ևս 200 միլիոն դոլար երկու փաթեթով», - ասել է Գերմանիայի ԱԳ նախարար Յոհան Վադեֆուլը։
PURL մեխանիզմի ստեղծումից ի վեր Գերմանիան արդեն ֆինանսավորել է 500 միլիոն դոլարի զենքի փաթեթ։
Վադեֆուլը նաև հայտարարել է, որ 200 միլիոն դոլարից բացի, Գերմանիան 25 միլիոն եվրո կհատկացնի ՆԱՏՕ-ի ձմեռային հագուստի ֆոնդին, որպեսզի «ձյան և սառույցի պայմաններում ռազմաճակատում գտնվող ուկրաինացի զինվորներին տրամադրվեն անհրաժեշտ ձմեռային սարքավորումներ և բժշկական օգնություն»։
Կանադայի արտգործնախարարն իր հերթին հայտնել է, որ Օտտավան, մի քանի դաշնակիցների հետ միասին, PURL-ի շրջանակներում Ուկրաինայի համար կգնի ռազմական օգնության փաթեթ։
«Կանադայի ներդրումը այս PURL փաթեթում կկազմի 200 միլիոն դոլար, ինչը Կանադայի ընդհանուր ներդրումը վերջին վեց ամսվա ընթացքում կհասցնի 890 միլիոն դոլարի», - նշել է արտգործնախարար Անիտա Անանդը։
Նա նաև հավելել է, որ Կանադան ևս 35 միլիոն դոլար կտրամադրի Ուկրաինային ՆԱՏՕ-ի համապարփակ օգնության փաթեթի (CAP) շրջանակներում՝ վառելիք, կապի սարքավորումներ, բժշկական պարագաներ և այլ սարքավորումներ գնելու համար։
Իր հերթին, Նորվեգիայի արտաքին գործերի նախարար Էսպեն Բարթ Այդեն հայտարարել է, որ Օսլոն լրացուցիչ 500 միլիոն դոլար կտրամադրի PURL ծրագրին։
«Այսօր Նորվեգիան կհայտարարի PURL ծրագրի համար լրացուցիչ 500 միլիոն դոլարի հատկացման մասին, որը կտրամադրվի երկու փաթեթով՝ մեկը Գերմանիայի և Լեհաստանի, մյուսը՝ Գերմանիայի և Նիդեռլանդների հետ», - ասել է Այդեն։
«Հիմա ժամանակն է զգալիորեն մեծացնել Ուկրաինային ցուցաբերվող աջակցությունը, որպեսզի ուկրաինացիները կարողանան բանակցել ուժի դիրքերից», - հավելել է նա։
ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի կողմից ստեղծված «Ուկրաինայի առաջնահերթ պահանջների ցանկ» (PURL) նախաձեռնությունը չի նախատեսում ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային ուղղակի ռազմական օգնություն։ Այս մեխանիզմի շրջանակներում դաշինքի անդամները զենք են գնում Ուկրաինայի համար ամերիկյան պաշարներից։



