Գերմանացի քննիչները պարզել են «Հյուսիսային հո...

Գերմանիայի իշխանությունները պարզել են դիվերսիոն խմբի բոլոր անդամների ինքնությունը, որոնք, ենթադրաբար, 2022 թվականի սեպտեմբերին պայթեցրել են «Հյուսիսային հոսք» և «Հյուսիսային հոսք-2» գազատարների երեք գծերը։

Գերմանական Zeit, Süddeutsche Zeitung և ARD պարբերականների հաղորդմամբ՝ քննիչներին հաջողվել է պարզել ուկրաինացի յոթ կասկածյալների ինքնությունը։ Նրանցից վեցի նկատմամբ կալանավորման օրդեր է տրվել, իսկ յոթերորդը զոհվել է 2024 թվականի դեկտեմբերին Ուկրաինայում՝ Ռուսաստանի բանակի դեմ մարտերի ընթացքում։

Ըստ Դաշնային դատախազության, որին հղում է արել լրագրողների թիմը, խմբի մեջ եղել են զբոսանավի կապիտանը, համակարգող, պայթուցիկների մասնագետ և չորս ջրասուզակ, հաղորդում է DW-ն: Նրանք Գերմանիայի Ռոստոկ քաղաքից «Անդրոմեդա» զբոսանավով մեկնել են Բալթիկ ծովում տեղի ունեցած դիվերսիայի վայր: Հետաքննության տվյալներով՝ խմբի ենթադրյալ անդամներից մեկը՝ ուկրաինացի զինծառայող Վսևոլոդ Կ.-ն, 2024 թվականին Գերմանիայի Վայլդֆլեկեն քաղաքում Բունդեսվերի օգնությամբ ռազմական պատրաստություն է անցել:

Ինչպես հայտնում է Spiegel-ը, գործողության կազմակերպիչը եղել է ուկրաինացի գնդապետ և հետախույզ Ռոման Չերվինսկին, սակայն նա հերքում է «Հյուսիսային հոսքի» պայթյունների հետ կապը։ Օգոստոսի 21-ին Իտալիայում ձերբակալվել է ուկրաինացի Սերգեյ Կ.-ն, ով համարվում է գործողության հնարավոր համակարգողը։ Նա պետք է արտահանձնվի Գերմանիա։