Ղարաբաղում ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատար Ռուստամ Մուրադովը հայտնել է, որ այսօր Երևան վերադարձած հայ գերիների հետ 2 ադրբեջանցի է փոխանակվել:
«Այսօր գերիների հերթական փոխանակումն է տեղի ունեցել: Ռուս խաղաղապահների կողմից իրականացված աշխատանքների արդյունքում՝ իմ անձնական վերահսկողությամբ, Ռուսաստանի ռազմատիեզերական ուժերի ինքնաթիռով Բաքու են տեղափոխվել գերության մեջ գտնվող երկու ադրբեջանցիներ և Էրեբունի է վերադարձել 4 գերի», -РИА Новости-ի փոխանցմամբ՝ ասել է Մուրադովը:
Նա հավելել է, որ ռուս խաղաղապահները հետագայում կնպաստեն եռակողմ հայտարարության խստիվ իրականացմանը:
Երկուշաբթի ավելի վաղ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը տեղեկացրել էր Ռուսաստանի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ 4 հայ գերիների վերադարձի մասին:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 15-ին ՌԴ-ի միջնորդությամբ ևս 44 հայ գերի էր վերադարձել հայրենիք: Նույն օրը Ադրբեջանին էին փոխանցվել 12 ադրբեջանցիներ:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 10-ին ստորագրել է եռակողմ հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնել Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը, բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։
Ըստ այդ հայտարարության՝ Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբ, այդ թվում՝ հրաձգային զենքով զինված 1960 զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա:



