Գերեվարված Վագիֆ Խաչատրյանը հոսպիտալացվել է: Դեկտեմբերի 22-ին 70-ամյա Խաչատրյանի առողջական վիճակը կտրուկ վատթարացել է։ Նա ունեցել է շնչառության դժվարացում և սրտի ցավեր, ինչի հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Ըստ լրատվամիջոցների, Արդարադատության նախարարության բժշկական հաստատությունում իրականացվել են ինտենսիվ թերապիա և վերակենդանացման միջոցառումներ, սակայն քանի որ նրա վիճակի էական բարելավում չի նկատվել, նա տեղափոխվել է համապատասխան պետական բժշկական հաստատություն։
Նրա վիճակը ներկայումս գնահատվում է ծանր, և նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։
Հիշեցնենք, որ 2023թ. սրտի հրատապ վիրահատության համար Արցախից Հայաստան տեղափոխվելիս ադրբեջանցիները նրան գերեվարել են Հակարի կամրջի ապօրինի տեղադրված անցակետում:



