Ի՞նչու է անհրաժեշտ նոր Սահմանադրությունը. պաշ...

Ինչպես հայտնել ենք ավելի վաղ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում հրապարակել է ՀՀ նոր Սահմանադրության նախագիծը, հատուկ այդ նպատակով ստեղծված կայքով։

Կայքում առանձնացված բաժնում ներկայացվում է , թե ինչ նոր կետեր ունի նոր Սահմանադրությունը։

Ի՞նչու է անհրաժեշտ նոր Սահմանադրությունը

«Նոր Սահմանադրության ընդունման նպատակն է ամրապնդել Հայաստանի պետականության հիմքերը և ապահովել, որ Սահմանադրությունն իսկապես ընկալվի որպես ժողովրդի կամքի արտահայտություն։ Գործող Սահմանադրության նկատմամբ տարիների ընթացքում ձևավորվել են հարցեր և կասկածներ՝ կապված ինչպես դրա կիրառման, այնպես էլ ժողովրդի ազատ կամարտահայտությամբ ընդունված լինելու հետ։ Ուստի կարևոր է, որ նոր Սահմանադրությունն ընդունվի համաժողովրդական հանրաքվեով և ունենա քաղաքացիների իրական աջակցությունն ու վստահությունը։

Սահմանադրությունը պետք է լինի ոչ թե պարզապես իրավական փաստաթուղթ, այլ պետության և քաղաքացիների հարաբերությունները կարգավորող հիմնական օրենք, որն իրական նշանակություն ունի յուրաքանչյուրի կյանքում։ Այն սահմանում է մարդու հիմնական իրավունքներն ու պարտականությունները, պետական իշխանության կազմակերպման և գործունեության սկզբունքները։

Նոր Սահմանադրության հիմքում այն գաղափարն է, որ Հայաստանի Հանրապետության հիմնադիրը ժողովուրդն է, և իշխանությունը պատկանում է ժողովրդին։ Պետական իշխանությունը պետք է ծառայի մարդկանց, իսկ պետական մարմիններն ու պաշտոնատար անձինք պետք է հաշվետու լինեն հասարակությանը և գործեն հանրային շահից ելնելով։ Այսինքն՝ պետությունը պետք է գործի հանուն ժողովրդի, իսկ քաղաքացիները պետք է հնարավորություն ունենան վերահսկելու իշխանության գործունեությունը։

Նոր Սահմանադրությունը հիմնված է նաև հարատև պետություն ունենալու գաղափարի վրա։ Սա նշանակում է, որ պետության գործունեությունը պետք է ուղղված լինի ոչ միայն այսօրվա խնդիրների լուծմանը, այլև Հայաստանի երկարաժամկետ զարգացմանը։ Նպատակը պետք է լինի ապագա սերունդներին փոխանցել անկախ, խաղաղ, անվտանգ, զարգացած և բարեկեցիկ պետություն։Նոր Սահմանադրությունը Հայաստանի Հանրապետությունը դիրքավորում է որպես Խաղաղության խաչմերուկ՝ խաղաղությունը դարձնելով արտաքին քաղաքական օրակարգի առանցքային խնդիր։

Նոր Սահմանադրության ընդունումը նաև ընկալվում է որպես նոր փուլ ազգային ինքնության զարգացման մեջ՝ պետականազուրկ ազգի գործելակերպից դեպի պետականակերտ ժողովրդի գիտակցված վարքագիծ։ Այս մոտեցմամբ ձևավորվում է ինքնության նոր ընկալում, ըստ որի՝ պետությունն ու ինքնությունը ոչ միայն փոխկապակցված են, այլև պետությունը ինքնության առանցքն է։

Նոր Սահմանադրության կենտրոնում մարդն է, նրա արժանապատվությունը, իրավունքներն ու ազատությունները։ Կարևոր է ոչ միայն Սահմանադրությամբ իրավունքներ ամրագրելը, այլև դրանց իրական պաշտպանությունն ապահովելը։ Դրա համար անհրաժեշտ է հստակ սահմանել, թե ինչպես կարող է մարդն օգտվել իր իրավունքներից, ինչպես են դրանք պաշտպանվում և ինչ պայմաններում կարող են սահմանափակվել։ Միաժամանակ ընդգծվում է, որ յուրաքանչյուր մարդ ունի նաև պարտականություններ և պատասխանատվություն պետության ու հասարակության հանդեպ։

Նոր Սահմանադրությունը կարևորում է նաև պետական իշխանության տարբեր ճյուղերի միջև հավասարակշռությունը։ Խորհրդարանը պետք է կարողանա արդյունավետ վերահսկել Կառավարության գործունեությունը, Կառավարությունը պետք է հաշվետու լինի իր որոշումների և աշխատանքի համար, իսկ դատարանները պետք է լինեն անկախ և ապահովեն արդարադատության իրականացումը։ Կարևորվում է նաև դատարանների կապը ժողովրդի հետ։ Միաժամանակ ընդգծվում է քաղաքական կուսակցությունների և լրատվամիջոցների դերը ժողովրդավարական հասարակության կյանքում։

Այսպիսով, նոր Սահմանադրությունը պետք է դառնա քաղաքացիների ընդհանուր համաձայնությունն այն մասին, թե ինչպիսի պետություն ենք ցանկանում ունենալ և ինչ սկզբունքներով պետք է այն գործի։ Դրա հիմքում խաղաղ, անվտանգ, ազատ և բարեկեցիկ Հայաստանի գաղափարն է, որտեղ պետությունը ծառայում է ժողովրդին, պաշտպանում մարդու իրավունքները և ապահովում ազգային ինքնության պահպանումն ու զարգացումը»,- ասվում է նախագծում։