CNN. Հորմուզի նեղուցում իրանական հարձակումներ...

Հորմուզի նեղուցում և դրա մերձակայքում առևտրային նավերի վրա հարձակումների թիվը հասել է Իրանի հետ ԱՄՆ-ի հակամարտության սկզբից ի վեր ամենաբարձր մակարդակին, հայտնում է CNN հեռուստաալիքը՝ վկայակոչելով ծովային միջադեպերի վերաբերյալ տվյալները։

Հեռուստաալիքի տվյալներով՝ միայն նոյեմբերի սկզբից արդեն առնվազն 22 հարձակում է իրականացվել. սա պատերազմի սկզբից ի վեր երկրորդ ամենաբարձր ցուցանիշն է։ Խոսքը Հորմուզի նեղուցը, Պարսից ծոցը և Օմանի ծոցն ընդգրկող գոտու մասին է։

Հոկտեմբերին հարձակումների ընդհանուր թիվը, որոնց մասին հաղորդել է Թագավորական ռազմածովային նավատորմի հետ կապված՝ Միացյալ Թագավորության ծովային առևտրային գործողությունների վարչությունը (UKMTO), փետրվարի վերջին ամերիկա-իրանական պատերազմի սկսվելուց ի վեր առաջին անգամ գերազանցել է 30-ը։ Միջազգային ծովային կազմակերպությունը (IMO) նույնպես հոկտեմբերին գրանցել է այս տարվա ընթացքում հաստատված միջադեպերի ամենամեծ թիվը։ Մինչև հոկտեմբեր տարածաշրջանում ամսական միջինում շուրջ 10 հարձակում էր տեղի ունենում։

Ինչպես նշում է CNN-ը, հակամարտության սկզբից ի վեր նեղուցը դարձել է կատաղի պայքարի թատերաբեմ, իսկ նավերի վրա հարձակումները խոչընդոտում են նավթի ու գազի փոխադրումը և համաշխարհային տնտեսական հետևանքների հանգեցնում։ Նեղուցով առևտրային նավարկությունը, որով մինչև պատերազմն անցնում էր աշխարհի նավթի մեկ հինգերորդը, 2025 թվականի ելակետային մակարդակի համեմատ կտրուկ նվազել է։

Հեռուստաալիքն ընդգծում է, որ նավթի համաշխարհային գների անկմանը և նավթի վաճառքից Իրանի ներքին եկամուտների նվազմանը զուգահեռ Թեհրանը ձգտում է վերականգնել վերահսկողությունը նեղուցի նկատմամբ՝ ուժեղացնելով հարձակումները։ Փորձագետների կարծիքով՝ երկիրը կորցնում է վերահսկողությունը ջրային ուղու նկատմամբ և կարող է էլ ավելի ակտիվացնել հարձակումները՝ փորձելով զիջումներ կորզել Վաշինգտոնից։