Իսրայելի արևմտյան դաշնակիցները դատապարտել են ծայրահեղ աջակողմյան ֆինանսների նախարարի խոսքերը, որը ենթադրել է, որ Գազայի ավելի քան 2 միլիոն պաղեստինցիների սովամահությունը «արդար և բարոյական է այնքան ժամանակ», քանի դեռ հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակման ժամանակ առևանգված պատանդները չեն վերադարձվել տուն, հայտնել է AP-ն։
Ֆինանսների նախարար Բեզալել Սմոտրիչը երկուշաբթի իր ելույթում հայտարարել էր, որ Իսրայելը այլ ելք չունի, քան մարդասիրական օգնություն ուղարկել Գազա։
«Այսօրվա համապարփակ իրողություններում անհնար է կառավարել պատերազմը. ոչ ոք մեզ թույլ չի տա սովամահ անել 2 միլիոն մարդու, նույնիսկ եթե դա արդար և բարոյական լիներ, մինչև նրանք չվերադարձնեն պատանդներին», - ասել է նա հրեական բնակավայրերի պաշտպանությանը նվիրված կոնֆերանսում:
Չորեքշաբթի Եվրամիությունը դատապարտել է նախարարի խոսքերը՝ նշելով, որ «սովի միջոցով խաղաղ բնակչության միտումնավոր ոչնչացումը ռազմական հանցագործություն է»։
ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Ժոզեպ Բորելը «ավելին քան խայտառակ» է անվանել հրեա նախարարի արտահայտությունը՝ հայտարարելով, որ «դրանք ևս մեկ անգամ ցույց են տալիս նրա արհամարհանքը միջազգային իրավունքի և մարդկության հիմնական սկզբունքների նկատմամբ»:
Մեծ Բրիտանիայի նոր արտգործնախարար Դեյվիդ Լամմին հայտարարել է, որ նախարար Սմոտրիչի հայտարարությունները «ոչ մի արդարացում չունեն»։ «Ակնկալում ենք, որ Իսրայելի կառավարությունն ամբողջությամբ հետ կվերցնի իր խոսքերը և կդատապարտի դրանք», - գրել է նա X-ի իր միկրոբլոգում:
Իր հերթին Իսրայելում Գերմանիայի դեսպան Շտեֆեն Զայբերտը հրեա նախարարի հայտարարություններն «անընդունելի և սարսափելի» է որակել:



