Գազայում իսրայելական հարվածները շուրջ 60 մարդ...

Իսրայելի բանակը թիրախավորել է Գազայի հատվածի տարբեր շրջանները, որի հետևանքով վերջին մեկ օրվա ընթացքում զոհվել է 59 մարդ։ Այս մասին հայտնում է Al Jazeera-ն։

Գազա և Խան Յունիս քաղաքների գնդակոծությունների հետևանքով, ըստ պաղեստինյան անկլավի բժշկական աղբյուրների, ապրիլի 28-ին զոհվել է 48 մարդ, իսկ ապրիլի 29-ի լուսաբացից ի վեր Գազայի հատվածում Իսրայելի կողմից շարունակվող ռմբակոծությունների արդյունքում զոհվել է 11 պաղեստինցի։

Դրան զուգահեռ, Գազայի հատվածում սննդի սպառման և ջրի սակավության պատճառով վատթարանում է սովի ճգնաժամը։ Անկլավի կառավարության մամուլի գրասենյակի գլխավոր տնօրեն, դոկտոր Իսմայիլ ալ-Սաուաբթան հայտարարել է, որ մարդասիրական և պարենային իրավիճակը հասել է աննախադեպ աղետալի մակարդակի։ Նա հավելել է, որ շուկաներում և պահեստներում, հատկապես հարավային նահանգներում, սննդամթերքի պաշարները գրեթե սպառվել են։

ՄԱԿ-ի Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքների կազմակերպման գործակալությունը (UNRWA) տեղեկացրել է, որ շուրջ 3000 մարդասիրական բեռնատար սպասում է Գազայի անցակետերում՝ օգնություն հասցնելու ակնկալիքով։

Միևնույն ժամանակ, իսրայելական լրատվամիջոցները հաղորդել են, որ իսրայելական բանակի շտաբի պետ Էյալ Զամիրը հաստատել է Գազայի հատվածում ռազմական գործողությունների ընդլայնման  մտադրությունը։

Իսրայելը շարունակում է Գազայի հատվածում 2023 թվականի հոկտեմբերի 7-ից մեկնարկած ռազմական գործողությունները։ Գազայի առողջապահության նախարարության տեղեկություններով՝ առնվազն 52 314 պաղեստինցի է զոհվել Գազայի դեմ Իսրայելի պատերազմի հետևանքով, վիրավորվել է շուրջ 117 792-ը:

Իսրայելը Գազայի հատվածում ռազմական գործողություններ էր սկսել՝ ի պատասխան պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զինյալների ներխուժման, որի հետևանքով զոհվել էր գրեթե 1200 մարդ, գերեվարվել՝ շուրջ 250 մարդ։