Գազայում բնակչությանը սովի մատնելը հանցագործո...

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն անընդունելի է համարել իսրայելական ուժերի կողմից Գազայի հատվածում գտնվող հիվանդանոցին հասցված հարվածները։ 

Այս մասին Մակրոնը գրել է X սոցիալական ցանցում Կատարի էմիր Թամիմ ալ-Թանիի հետ հեռախոսազրույցից հետո։ 

«Ես հենց նոր խոսեցի Կատարի էմիրի հետ։ Մենք քննարկեցինք Գազայում տիրող դրամատիկ իրավիճակը։ Բնակչությանը սովի մատնելը հանցագործություն է, որը պետք է անհապաղ դադարեցվի։ Գազայի հիվանդանոցի վրա Իսրայելի նոր հարվածները բազմաթիվ քաղաքացիական անձանց և լրագրողների մահվան պատճառ են դարձել։ Սա անընդունելի է. քաղաքացիական անձինք և լրագրողները պետք է պաշտպանված լինեն բոլոր հանգամանքներում։ Լրատվամիջոցները պետք է կարողանան ազատորեն և անկախ կերպով իրականացնել իրենց առաքելությունը՝ լուսաբանելով հակամարտության իրական իրավիճակը։ Մարդասիրական օգնությունը պետք է տրամադրվի։ Մենք կոչ ենք անում Իսրայելին հարգել միջազգային իրավունքը», - նշել է Մակրոնը գրառման մեջ։

Նա նաև ասել է, որ Ֆրանսիան սերտորեն համագործակցում է Կատարի հետ մշտական հրադադարի, բոլոր պատանդների ազատ արձակման, մարդասիրական օգնության զանգվածային մատակարարման և երկարաժամկետ քաղաքական լուծման, այդ թվում՝ ՀԱՄԱՍ-ի զինաթափման ուղղությամբ։ 

Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ հետաքննություն կսկսի հիվանդանոցի հարվածի վերաբերյալ։

Հաղորդագրությունում նշվում է, որ Իսրայելի պաշտպանության բանակը ցավում է անմեղ մարդկանց վնաս հասցնելու համար, և որ լրագրողները զինվորականների թիրախը չեն։

Գազայի հատվածի «Նասեր» բժշկական համալիրն օգոստոսի 25-ին իսրայելական ուժերի կողմից հարձակման է ենթարկվել, որի հետևանքով զոհվել է  20 մարդ, այդ թվում՝ 5 լրագրող։