Գազայի հատվածում պատերազմի սկզբից ի վեր զոհվա...

Գազայի հատվածում պատերազմի սկզբից ի վեր զոհված լրագրողների թիվը հասել է 238-ի։ Այս մասին հայտնում է Al Jazeera-ն՝ վկայակոչելով Գազայի կառավարության մամուլի ծառայությանը։

«Մենք խստորեն դատապարտում ենք պաղեստինցի լրագրողների համակարգված սպանությունն իսրայելական օկուպացիոն ուժերի կողմից։ Կոչ ենք անում միջազգային հանրությանը դատապարտել և զսպել օկուպացիոն ուժերի հանցագործությունները և հետապնդել նրանց միջազգային դատարաններում»,- նշվել է կառավարության հայտարարության մեջ։

Իրանի արտաքին գործերի նախարարություն դատապարտել է Գազայում լրագրողների վրա հարձակումը։

«Լրագրողների վրա հարձակումներն արգելված են ցանկացած հանգամանքներում, և նրանց թիրախավորելը ռազմական հանցագործություն է»,- ասվում է հայտարարության մեջ։

Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության վարչությունը հայտարարել է, որ Գազայի հատվածում Al Jazeera-ի լրագրողների ուղղակի թիրախավորումն իսրայելական բարբարոսական արարք է։ Ընդգծվել է, որ Իսրայելը լրագրողներին թիրախավորում է՝ աշխարհին թույլ չտալու համար տեսնել իր կողմից իրականացվող ցեղասպանությունը։

Լրագրողների թիրախավորումն անընդունելի է համարել նաև Նորվեգիայի արտաքին գործերի նախարարը։

«Լրագրողների վրա միտումնավոր հարձակումը հարձակում է խոսքի ազատության դեմ»,- նշել է նախարարը։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մամուլի խոսնակ Ստեֆան Դյուժարիկն իր  հերթին նշել է․ «Ցանկացած վայրում լրատվամիջոցների աշխատակիցները պետք է կարողանան ազատորեն կատարել իրենց աշխատանքը՝ առանց թիրախավորվելու»։

Իսրայելական վերջին հարձակման հետևանքով Գազայի հատվածում զոհվել է Al Jazeera հեռուստաալիքի 5 աշխատակից: