ՀԱՄԱՍ-ի զինված թեւը՝ Ալ-Քասամ բրիգադները, հայտնել են, որ Գազայի հատվածին Իսրայելի հարվածները վերջին 24 ժամում 13 պատանդների են սպանել։
Reuters-ի փոխանցմամբ՝ ՀԱՄԱՍ-ի հայտարարության մեջ ասվում է, որ վեց պատանդ է սպանվել հյուսիսային թաղամասում երկու տարբեր թիրախների վրա հարվածների արդյունքում, ևս 7 մարդ զոհվել է Գազայի հատվածում երեք թիրախների հարվածների հետևանքով։
Անհասկանալի է մնում, թե կոնկրետ քանի իսրայելցի պատանդ է վերցրել ՀԱՄԱՍ-ը շաբաթ օրն Իսրայել ներխուժման ժամանակ:
Վերջին պաշտոնական տվյալներով Իսրայելում զոհերի թիվը հասնում է 1300-ի: Իսրայելի բանակի ներկայացուցիչը հայտնել է, որ կառավարությունը կարողացել է հաստատել 97 մարդու ինքնությունը, որոնք պատանդ են վերցվել Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի հարձակման ժամանակ, սակայն ենթադրվում է, որ ավելի քան 100 մարդ է գերի ընկել:
Իսրայելի օդուժը շաբաթ օրվանից 6000 ռումբ է նետել Գազայի հատվածի վրա։ Իսրայելի զինվորականները հրամայել են առաջիկա 24 ժամվա ընթացքում 1,1 միլիոն պաղեստինցիների տարհանել Գազայի հարավային հատված։
ՀԱՄԱՍ-ի փախստականների գործակալությունն ուրբաթ օրը կոչ է արել հյուսիսային տարածքի բնակիչներին «հաստատուն մնալ իրենց տներում և ամուր կանգնել օկուպանտների կողմից մղվող այս նողկալի հոգեբանական պատերազմի դեմ»:
ՄԱԿ-ի մարդասիրական գրասենյակն ուրբաթ վաղ առավոտյան հայտնել է, որ Գազայի հատվածում ավելի քան 400,000 մարդ արդեն լքել են իրենց տները: