
Գազայի հատվածի տարբեր շրջաններում հունիսի 5-ի լուսաբացից ի վեր Իսրայելի կողմից իրականացված օդային հարվածների հետևանքով 38 պաղեստինցի է զոհվել։ Այսպիսով, վերջին 24 ժամվա ընթացքում զոհերի թիվը գերազանցել է 70-ը։ Բացի այդ, ռմբակոծությունների հետևանքով վիրավորվել է 189 մարդ։ Այս մասին հայտնում է Al Jazeera-ն։
Բժշկական աղբյուրները հաստատել են, որ Գազայի կենտրոնում գտնվող Բապտիստական հիվանդանոցին Իսրայելի հասցրած հարվածի հետևանքով 4 լրագրող է զոհվել։
Al Jazeera-ի թղթակիցը հայտնել է, որ իսրայելական անօդաչու թռչող սարքն ուղղակիորեն ռմբակոծել է լրագրողներին, երբ նրանք հիվանդանոցում էին և լուսաբանում էին իրավիճակը։
ՀԱՄԱՍ-ը դատապարտել է Իսրայելի կողմից լրագրողների թիրախավորումը՝ դա համարելով համակարգված հանցագործություն, որի նպատակն է լռեցնել նրանց ձայները, և ջնջել հանցագործությունների մասին վկայությունները։
Պարենի համաշխարհային ծրագիրն ահազանգում է, որ Գազայի հատվածում ավելի քան 70 000 երեխա բախվում է լուրջ թերսնման։
Գազայի հատվածի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր Իսրայելի կողմից պաղեստինյան անկլավում իրականացված ագրեսիայի հետևանքով զոհերի թիվը հասել է 54 677-ի, իսկ վիրավորներինը՝ 125 530-ի։
Իսրայելը Գազայի հատվածում ռազմական գործողություններ էր սկսել՝ ի պատասխան պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զինյալների ներխուժման, որի հետևանքով զոհվել էր գրեթե 1200 մարդ, գերեվարվել՝ շուրջ 250 մարդ։