
Գազայի հատվածում բազմաթիվ սովի մատնված պաղեստինցիներ մայիսի 28-ին ներխուժել են ՄԱԿ-ի պահեստներից մեկը: Միջադեպի հետևանքով զոհերի թիվը հասել է 4-ի։ Այս մասին հաղորդում է The Guardian-ը։
Պարբերականը նշում է, որ հազարավոր պաղեստինցիներ ներխուժել են Գազայի հատվածի կենտրոնական շրջանում գտնվող Դեյր ալ-Բալահ քաղաքի պահեստ՝ պոկելով շենքի մետաղյա պատերի որոշ հատվածներ և հուսահատորեն փորձելով սնունդ հայթայթել։ Ըստ տեղի առողջապահական իշխանությունների՝ երկու մարդ զոհվել է հրմշտոցի հետևանքով, ևս երկուսը՝ հրազենային կրակոցներից։
ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը կոչ է արել անհապաղ մեծացնել սննդի մուտքը պաղեստինյան անկլավ, որպեսզի մարդիկ սովամահ չլինեն։
Reuters-ի տրամադրության տակ հայտնված ականատեսների տեսանյութերում երևում է, որ մարդկանց մեծ բազմությունը ներխուժում է պահեստ և վերցնում պարկերն ու արկղերը։ Միևնույն ժամանակ լսվում են կրակոցներ։
Միջազգային մեծ ճնշման ներքո Իսրայելն օրեր առաջ դադարեցրել է Գազայի հատվածի 11-շաբաթյա շրջափակումը և թույլատրել սահմանափակ քանակությամբ մարդասիրական օգնության մուտքն անկլավ։ Սակայն ըստ ՄԱԿ-ի՝ այդ օգնությունը բավարար չէ։
Իսրայելը մարտին վերսկսել է ռազմական գործողությունները Գազայի հատվածում։ ԱՄՆ-ն Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև 60-օրյա հրադադարի նոր առաջարկ է ներկայացրել, որը նախատեսում է 10 պատանդի ազատ արձակում, ինչպես նաև հումանիտար օգնության մատակարարում պաղեստինցիներին։