
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի իշխանությունները շարունակում են ապահովել անպատժելիության մթնոլորտ՝ հանցագործ խմբերի նկատմամբ, մինչդեռ ընդդիմադիր հայացքներ ունեցող գործիչների հանդեպ գործադրում են խիստ և անհամաչափ պատիժներ։ Այս վիճակի վառ ապացույցներից մեկն է գազագողության լայնածավալ գործի ընթացքը, որի մասին «Ժողովուրդը» բացահայտել էր ամիսներ առաջ, իսկ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը հաղորդում էր տվել դրա վերաբերյալ:
Մինչ նախաքննությունն ընթանում էր, «գազագողության բանդիտները» փախան երկրից՝ նախկին պատգամավոր Նահապետ Գևորգյանը, երկու որդիները, աշխատակիցն ու մեկ այլ նախկին պատգամավոր Կարո Կարապետյանի որդին:
Ըստ մեզ հասած տվյալների՝ այսպես կոչված «գազագողության բանդայի» անդամներից մեկը՝ նախկին պատգամավոր Կարո Կարապետյանի որդին՝ Վիլեն Կարապետյանը, վերջերս վերադարձել է Հայաստան։ Ինչպես է ազատության մեջ՝ հարց է, բայց «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ նա արդեն սկսել է փաստացի շահագործել երեք գազալցակայան, որոնք մինչ այդ գտնվում էին իրավապահների արգելանքի տակ քննչական գործողությունների շրջանակում։
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ նաև, որ իրավապահ մարմինները ստացել են մի շարք հաղորդումներ այն մասին, որ 3 գազալցակայաններ շարունակում են գործել առանց հաշվիչ սարքավորումների, ինչը, ըստ մասնագետների, հիմք է տալիս ենթադրելու՝ գազի խոշորածավալ գողություն է կատարվում։ Դրանց բոլորի հաշվիչները առգրավված են գողության կասկածանքով: Այնուամենայնիվ, որևէ պատշաճ արձագանք կամ միջամտություն իրավապահների կողմից մինչ այժմ չի արձանագրվել։
Ավելին՝ գործի մանրամասների վերաբերյալ իրավապահները շարունակում են պահպանել լռություն՝ ո՛չ հերքելով, ո՛չ էլ հաստատելով տեղեկությունները։ Դատելով այս պահի գործողություններից՝ հնարավոր է ենթադրել, որ բարձր մակարդակի հովանավորություն կա, որը խոչընդոտում է գազագողության բացահայտմանը և մեղավոր անձանց պատասխանատվության ենթարկելուն։
«Ժողովուրդ» օրաթերթի հետաքննական խումբը շարունակում է աշխատանքը այս գործով և առաջիկայում հրապարակելու է կոնկրետ անուններ, ովքեր իրավապահ համակարգում կանգնած են այս հանցավոր սխեմայի հետևում և ապահովում դրա անխոչընդոտ գործունեությունը»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: