Գարիկ Սարգսյանի հերթական կեղծ հաջողությունը․...

Շաբաթներ առաջ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը տեղեկացրեց, որ մարզում երեխաների համար քաղաք կկառուցվի․«Երեխաները մեր ձեռքբերումների ժառանգորդն ու անմիջական շարունակողն են, մեր երկրի ապագան: Մենք պարտավոր ենք անել հնարավոր ամեն բան՝ ապահովելու նրանց անհոգ մանկությունը և երջանիկ, հարմարավետ ու ապահով ապրելու իրավունքը: «Կարիտաս» բարեսիրական ընկերության հետ համատեղ մեր բոլոր ուժերն ու ջանքերը կենտրոնացրեցինք նախագիծը կյանքի կոչելու համար: Քննարկումների արդյունքում ընտրեցինք 2 հարմար հողատարածք Շահումյան և Տափերական համայնքներում և նախագիծը ներկայացրեցինք նախարարների խորհրդի նիստին, որից հետո այն կառավարության կողմից հավանության արժանացավ»,-գրել է մարզպետը:  

Այս հայտարարությունից շաբաթներ անց Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը «Հանրային Հեռուստաընկերության» հետ զրույցում հայտարարում է, որ շինարարությունը արդեն իսկ սկսվելու է աշնանը․«Ծրագրի իրականացման համար ներդրվելու է 20 մլն դրամ»,-հայտարարել էր մարզպետը։

Մինչդեռ «Հայկական Կարիտաս» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող ծրագրի ղեկավար Անահիտ Գևորգյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է, որ ծրագիրը դեռ գաղափար է և իրականացման համար անհրաժեշտ գումարներ դեռ չկան․«Սա դեռևս գաղափար է, որը չունի ֆինանսավորում, դեռ առաջին քայլն է։ Այս ընթացքում տարվելու է ֆոնդահայթացման գործընթաց»,- նշում է ծրագրի ղեկավարը։

Ըստ էության, մարզպետը շտապում է այս ծրագիրը ներկայացնել որպես իրականություն, այնինչ քաղաքի կառուցման համար անհրաժեշտ գումարներ չկան։

Հիշեցնենք, որ ամիսներ առաջ Գարիկ Սարգսյանը հպարտությամբ խոսում էր կոկորդիլոսաբուծարան հիմնելու մասին։ Կոկորդիլոսաբուծարանների դեպքում էլ նա փորձում էր այն ներկայացնել որպես իր անձնական հաջողություն։ Կարճ ժամանակ անց պարզվեց, որ որևէ ներդրում չի արվել կոկոդիլոսաբուծարան հիմնելու համար, և ըստ էության, որևէ կոկորդիլոսաբուծարն էլ չի կառուցվելու։