Անդրադառնալով երեկ Աբովյանում անցկացված քաղաքապետի ընտրություններին` ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը լրագրողների հետ զրույցում նշեց` հաղթել է աբովյանցին.
«Հաղթել է աբովյանցին, ավելի բան չունեմ ասելու: Վարչապետն ասել է՝ «հաղթել է հեղափոխությունը, հաղթել է աբովյանցին»», - ասաց նա:
Դիտարկմանը, թե ըստ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի` քաղաքապետը վայելում էր Ծառուկյանի աջակցությունը, դրա համար էլ վերընտրվեց, Ծառուկյանն ասաց.
«Վայելում է, բայց դրա կարիքը չկար, որ ես գնայի աջակցեի նրան, նա իր աշխատանքով ապացուցել է: Որ կարիքը լիներ, ես անպայման կաջակցեի»:
Անդրադառնալով ընտրություններից մեկ օր առաջ ՔՊ թեկնածուի նախընտրական շտաբի պետի մեքենան հրդեհելու փաստին՝ Ծառուկյանն ասաց, որ այդ դեպքը հնարավորինս շուտ պետք է բացահայտվի:
«Մենք առաջին օրն ենք հայտարարել, որ սա պետք է բացահայտվի: Եթե չբացահայտվի, ուրեմն իրավապահ մարմինները տեղում չեն: Մեղավորները պետք է Աբովյանից բացակայեն, հենց դրանք են հիմնական «մուտիլովչիկները»: Սա պարտադիր է և վարչապետը պետք է պարտադրի անմիջապես այդ գործը բացահայտել», - ասաց Ծառուկյանը:



