Գագիկ Խաչատրյանը վճարե՞լ է իր «փրկագինը»․ խոս...

Երեկ հայտնի դարձավ, որ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում դեռևս 2019 թվականի փետրվարի 2-ին հարուցված քրեական գործի շրջանակներում Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանը և Կարեն Խաչատրյանը (ՀՀ ՊԵԿ նախկին բարձրաստիճան պաշտոնյա) ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործությունների (ծանր հետևանքների առաջացմամբ զուգորդված պաշտոնեական դիրքի չարաշահում և առանձնապես խոշոր չափերով գույքի վատնում) կատարման կասկածանքով բերման են ենթարկվել ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ և ձերբակալվել։

Խաչատրյանի ձերբակալությունից ամիսներ առաջ իշխանական լրատվամիջոցներից մեկը գրել էր, որ Գագիկ Խաչատրյանը ԱԱԾ կատարած այցի ժամանակ առաջարկել է ՀՀ պետական բյուջե վերադարձնել ցանկացած գումար, միայն թե քրեական պատասխանատվության չենթարկվի:

Հետո մամուլում հայտնվեցին տեղեկություններ, որ Գագիկ Խաչատրյանը արդեն իսկ 200 մլն դոլար վերադարձրել է պետությանը, և այդ գումարներով պետությունը ՊՆ կարիքների համար կործանիչ ինքնաթիռներ է գնել։ Հիշեցնենք՝ այս մասին ժամանակին խոսել էր հենց վարչապետ Փաշինյանը, երբ հայտարարել էր, որ կան դեպքեր, երբ նախկինում թալանած պետական միջոցները վերադարձվում են, բայց չեն մտնում պետական բյուջե, այլ ուղիղ օգտագործվում են ՊՆ կարիքների համար։

Հասարակական որոշ շրջանակներ արդեն իսկ հասցրել են Խաչատրյանի ձերբակալությունը անվանել շոու, որի նպատակն է շեղել հասարակության ուշադրությունը Ամուլսարի խնդրից։ Ըստ հասարակական այդ շրջանակների՝ Խաչատրյանը առաջիկայում ազատ կարձակվի, երբ հասարակական լարումը թուլանա։