«Յոթի խմբի» (G7) երկրների արտաքին գործերի նախարարները հաստատել են անսասան աջակցությունն Ուկրաինային եւ կոչ են արել համաշխարհային հանրությանն ավելացնել երկրի օգնությունը։ Այս մասին նշվել է G7-ի հայտարարությունում, որը հրապարակվել է ԱՄՆ պետդեպարտամենտի կայքում, տեղեկացրել է «Европейская правда»-ն։
Հայտարարությունում նշվել է, որ երկրները ողջունում են ֆինանսավորման եւ հետագա աջակցության ցուցաբերումը Ուկրաինային նրա էներգետիկ սեկտորի պահանջմունքների ապահովման համար։
Դա մասնավորապես վերաբերում է վնասված էլեկտրակայանների եւ կենտրոնացված ջեռուցման համակարգերի նորոգմանը, էներգիայի նոր բաշխիչ աղբյուրների ստեղծմանը, վթարային պահուստային սնուցմանը կրիտիկականորեն կարեւոր ծառայություններում եւ էներգետիկ ենթակառուցվածքի պասիվ պաշտպանությանը։
«Մենք կոչ ենք անում համաշխարհային հանրությանը շտապ ակտիվացնել ջանքերն այս ուղղությամբ եւ Ուկրաինային տրամադրել անհարժեշտ ողջ օգնությունը»,- նշվել է G7-ի ԱԳՆ ղեկավարների հայտարարությունում։
Նախարարական խումբը նաեւ նշել է միջազգային գործընկերների, բանկերի եւ Ուկրաինայի էներգետիկ աջակցության հիմնադրամի (Ukraine Energy Support Fund) կարեւոր աշխատանքն այս ուղղությամբ։
«Մենք կոչ ենք անում միջազգային գործընկերներին ավելացնել իրենց ֆինանսական հատկացումները, մասնավորապես վերջին հիմնադրամում, որպեսզի բարձրացվի Ուկրաինայի կայունությունը հաջորդ ձմռանը»,- ընդգծել են նրանք։
Նախարարները նաեւ նշել են, որ տեղեկացված են միջազգային օգնության անհրաժեշտության մասին գրոհներից էներգետիկ ենթակառուցվածքի պաշտպանության համար, մասնավորապես հակաօդային պաշտպանության հնարավորությունների ամրապնդման միջոցով։
Բացի այդ, ԱԳՆ ղեկավարներն ընդգծել են ռեֆորմների ներդրման կարեւորությունը էներգետիկ հատվածում՝ ԵՄ-ին միանալու ուղուն եւ պայմանավորվածությունների կատարմանը համապատասխան՝ էներգետիկ հանրույթի մասին պայմանագրի շրջանակում, ներառյալ ՏՀԶԿ չափորոշիչներին համապատասխանող կորպորատիվ կառավարման չափորոշիչները։
«Սա հատկապես կարեւոր է ձմռան շեմին՝ հաշվի առնելով նորոգման աշխատանքների մասշտաբները եւ նոր էներգետիկ ենթակառուցվածքի անհրաժեշտությունը»,- ավելացրել են նրանք։



