G7-ի ղեկավարները ծաղկեպսակներ են դրել Հիրոսիմ...

«Մեծ յոթնյակի» (G7) երկրների ղեկավարներն այսօր ծաղկեպսակներ են դրել Հիրոսիմայի Խաղաղության զբոսայգում ամերիկյան ատոմային ռմբակոծության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրին։ Այդ մասին  տեղեկանում ենք ТАСС գործակալությունից:

«Մեծ յոթնյակի» երկրների ղեկավարները (այդ երկրների թվում կան միջուկային տերություններ՝ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա), առաջին անգամ են Հիրոսիմայի հուշահամալիր այցելում նման կազմով։

Մինչև ծաղկեպսակներ դնելը նրանք այցելել են Խաղաղության թանգարան, որտեղ ներկայացված է ռմբակոծության և միջուկային զենքի մասին պատմող ցուցադրություն, ինչպես նաև գրառումներ են կատարել այցելուների գրքում։

Հիրոսիմայի և Նագասակիի ատոմային ռմբակոծություններն իրականացվել են Միացյալ Նահանգների կողմից Երկրորդ համաշխարհային պատերազմի վերջում. դրա պաշտոնապես հայտարարված նպատակն էր Ճապոնիայի կապիտուլյացիան արագացնելը։

Ճապոնիան 2023 թվականին նախագահում է G7-ում։ Հիրոսիմայի գագաթնաժողովին հրավիրված են նաև Ավստրալիայի, Բրազիլիայի, Վիետնամի, Հնդկաստանի, Ինդոնեզիայի, Կուկի Կղզիների, Կոմորյան Կղզիների Միության և Հարավային Կորեայի ղեկավարները։ «Մեծ յոթնյակի» ղեկավարների հանդիպման հիմնական թեմաները կլինեն տարածաշրջանային հարցերը, ներառյալ՝ Ուկրաինայի, Հնդկախաղաղօվկիանոսյան տարածաշրջանի հարցերը, Թայվանի շուրջ իրադրությունը, փոխգործակցությունը Գլոբալ հարավի երկրների հետ, միջուկային զինաթափումը, տնտեսական և պարենային անվտանգության խնդիրները: