««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը որոշեց քննիչ հանձնաժողով ստեղծել։ Մենք դա համարում ենք խայտառակություն։ Սա հարված է ազգի ինքնությանը, որովհետև Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին եղել է, կա և, վստահ եմ, կմնա որպես մեր ինքնության սյուներից մեկը։
Հետաքրքիրն այն է, թե իրենք ինչ փաստաթղթերի կամ ինչի վրա են հիմնվում։ Ժողովրդական ասացվածքն ասում է՝ կարմիր կովը կաշին չի փոխի։
Հիշեցնեմ, որ անցյալ տարի Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ինքը հրապարակելու է արցախյան բանակցությունների ամբողջական փաթեթը։ Ինչ հրապարակեց՝ ես ավելի շատ ունեմ, ավելի շատ եմ հրապարակել։ Բայց հետաքրքիրն ինչո՞ւմ է։ 25 տարուց ավելի Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ Ռոբերտ Քոչարյանը պատրաստվում էր Արցախը փոխանակել Մեղրիի հետ՝ հղում կատարելով Քիվեսթի փաստաթղթերին։ Բայց արի ու տես՝ փաստաթղթի փոխարեն ինքը հրապարակում է իր սեփական հոդվածը։ Ինչ կուզի՝ կգրի։
Հիմա էլ նույնը խոսում է՝ «մենք ունենք սահմռկեցուցիչ փաստեր», բայց փաստերի փոխարեն ինչ-որ հոդվածների վրա է հղում կատարում։ Այդ հոդվածների մի որոշ հատված, մի մասն էլ անստորագիր են։ Ով ինչ կուզի՝ կգրի։ Դա չի կարող դիտվել որպես փաստ։ Դա կեղծիք է, և այդ կեղծիքի միակ նպատակը Առաքելական Սուրբ Եկեղեցու և անձամբ Վեհափառ Հայրապետի վարկաբեկումն է։
Դատապարտում ենք և այդ քստմելի գործընթացին մասնակցելու որևէ ցանկություն չունենք»,- այս մասին այսօր՝ հոկտեմբերի 14-ին, հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։



