FT-ն հաշվարկել է, թե որքան են ծախսել Թրամփն ո...

ԱՄՆ նախագահի թեկնածուներ Քամալա Հարիսը եւ Դոնալդ Թրամփը միասին ծախսել են ռեկորդային՝ 3,5 մլրդ դոլար իրենց ընտրարշավների վրա՝ 2024թ. ընտրությունները դարձնելով ամենաթանկը ԱՄՆ պատմության մեջ։ Այս մասին գրել է Financial Times թերթը։

Թերթը նշել է, որ հավաքվել է մոտ 4,2 մլրդ դոլար, ներառյալ կուսակցական կոմիտեների եւ արտաքին խմբերի մուծումները։

Ինչպես գրում են լրագրողները, Հարիսը կարողացել է ավելի շատ միջոցներ գրավել, քան Թրամփը՝ հավաքելով ավելի քան 2,3 մլրդ դոլար Դեմոկրատական ազգային կոմիտեի, սուպերխմբերի եւ այսպես կոչված Super Pacs-երի միջոցով, որոնք կարող են անսահմանափակ նվիրատվություններ ստանալ ֆիզիկական անձանցից։ Այդ գումարից ծախսվել է արդեն 1,9 մլրդ դոլար։

Թրամփի թիմը հավաքել է 1,8 մլրդ դոլարից մի փոք ավելի, որոնցից ծախսվել է 1,6 մլրդ դոլար։

Նշվել է, որ այդ բոլոր միջոցների մոտ կեսը ծախսվել է գովազդի վրա, հատկապես յոթ նահանգներում, որոնք համարվում են առանցքային ընտրություների արդյունքների համար։

Հարիսի ընտրարշավը ծախսել է ավելի քան 1 մլրդ դոլար գովազդի վրա այդ նահանգներում, մինչդեռ ընդհանուր ծախսերը գովազդի համար վճռական շրջաններում կազմել են մոտ 1,5 մլրդ դոլար։ Մասնավորապես, միայն Փենսիլվանիայում, որտեղ ընտրողների 19 ձայն կա, ծախսվել է ավելի քան 400 մլն դոլար։

Թրամփի ընտրարշավի բյուջեի զգալի մասը հատկացվել է իրավաբանական ծախսերին՝ կապված Թրամփի դատավարությունների հետ։ Ինչպես հավաստիացնում են լրագրողները, դրա վրա ծախսվել է ավելի քան 100 մլն դոլար, ինչը կազմում է բոլոր ծախսերի 14 տոկոսը։

Այդ ծախսերը մասամբ ծածկվել են ի հաշիվ կուսակցության եւ սուպերխմբերի, ինչպիսին է Իլոն Մասկի ֆինանսավորած America Pac-ը, որի համար նա նվիրաբերել է մոտ 118 մլն դոլար։