Ռուսաստանը Կուրսկի շրջան է ուղարկել մոտ 3 հազար հյուսիսկորեական զինվորական։ Նրանք գտնվում են Ուկրաինայի հետ սահմանից 50 կիլոմետր հեռավորության վրա։ Այս մասին հայտնում է Financial Times-ը։
Պարբերականը, վկայակոչելով ուկրաինական հետախուզության ներկայացուցիչներին, նշում է, որ Ռուսաստանի Հեռավոր Արևելքից Կուրսկի շրջան քաղաքացիական բեռնատարներով գաղտնի տեղափոխել են հյուսիսկորեացի մոտ 3 հազար զինվորականի։
Ուկրաինայի հետախուզության աշխատակիցների տվյալներով՝ 3 հազարից միայն մի քանի հարյուրն են հատուկ ջոկատայիններ, մնացածը՝ կանոնավոր զորքեր են։ Երկուշաբթի՝ հոկտեմբերի 28-ին, նրանք տեղավորվեցին ուկրաինական սահմանից մոտավորապես 50 կմ հեռավորության վրա գտնվող զորանոցներում, որտեղ նրանք սպասում են ռուսական հրամանատարության հետագա հրամաններին։
Ուկրաինայի հետախուզության պաշտոնյաները կասկածի տակ են դրել Հյուսիսային Կորեայից ժամանած զինվորների մարտունակությունը՝ մեծամասնությանը բնութագրելով որպես անփորձ, ցածրաստիճան հետևակայինների։
Ինչպես նշել են հետախուզության աշխատակիցները, հյուսիսկորեացի զինվորները նախկինում երբեք չեն լքել իրենց երկիրը, երբեք չեն կռվել իրական մարտերում, և նրանց փորձը շատ հեռու է ժամանակակից պատերազմից: Մասնավորապես, Հյուսիսային Կորեայի զորքերը Ռուսաստանում առաջին անգամ տեսել են կամիկաձե անօդաչու սարքեր, որոնք մշտապես օգտագործվում են մարտի դաշտում։
Ուկրաինացի պաշտոնյաները հայտարարել են, որ կարծում են, որ ռուսները կարող են օգտագործել հյուսիսկորեացիներին որպես «թնդանոթի միս»: