Ֆրանսիայի պաշտպանության նախարարը կոչ է արել ք...

Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիեն Լըքորնյուն հայտարարել է, որ անհրաժեշտ է քննարկել Ուկրաինայում «ոչ միջուկային զսպման ուժեր» տեղակայելու հարցը՝ խաղաղության հաստատումից հետո հրադադարի երաշխիքները պահպանելու համար։ Այս մասին գրում է kommersant.ru-ն՝ tf1info.fr-ին հղումով:

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի՝ նախորդ շաբաթ ներկայացրած «Հաղթանակի ծրագիրը», ըստ Լըքորնյուի, «մի շարք հետաքրքիր կետեր է պարունակում»։

«Այս «Հաղթանակի ծրագիրը» քաղաքական ճանապարհի սկիզբն է։ Պետք է մտածել, թե ինչ է գալիս հետո։ Պատկերացրեք հրադադար կամ խաղաղության պայմանագիր. դուք կհասկանաք, որ Ուկրաինայի տարածքում ոչ միջուկային զսպման ուժեր տեղակայելու հարցը, որպեսզի կարողանանք հետ մղել Ռուսաստանից նոր սպառնալիքը, ակնհայտորեն խնդիր է, որն արդեն պետք է լուծվի», - ասել է Լըքորնյուն:

Վլադիմիր Զելենսկու առաջարկած ծրագիրը բաղկացած է հինգ կետից և ևս երեք գաղտնի լրացումներից։ Հրապարակված կետերի թվում են Ուկրաինային ՆԱՏՕ-ին անդամակցելու հրավեր մինչև Ռուսաստանի հետ պատերազմի ավարտը, հեռահար զենքի օգտագործման սահմանափակումների վերացումը և երկրում «ոչ միջուկային ռազմավարական համալիր փաթեթի» տեղակայումը: Վերջին մի քանի շաբաթվա ընթացքում Ուկրաինայի նախագահը առաջարկը ներկայացրել է ԱՄՆ-ին, Մեծ Բրիտանիային, Ֆրանսիային, Իտալիային և Գերմանիային։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն ասել է, որ դաշինքը կարող է չաջակցել բոլոր կետերին։ Լրատվամիջոցները գրել են, որ դաշնակիցները այդ ծրագիրը համարել են ոչ բավարար համոզիչ։