Ֆրանսիայի բոլոր ոստիկանները եւ ժանդարմները Օլիմպիադայի ժամանակ պետք է լինեն աշխատանքի մեջ։ Այս մասին հայտնել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանենը Le Parisien թերթի հարցազրույցում։
«Ես 100 տոկոսով չեղարկել եմ արձակուրդները եւ շնորհակալ եմ ոստիկաններին եւ ժանդարմներին իրենց աննախադեպ ջանքերի համար»,- ասել է նախարարը։
Նրա խոսքով՝ Փարիզում Օլիմպիական խաղերի բացման օրը «խիստ կսահմանափակվի մեքենաների երթեւեկությունը»։ «Առաջին անգամ ժամանակակից պատմության մեջ կփակվի Փարիզի օդային տարածքը»,- ավելացրել է նախարարը։
Ինչպես նշել է Դարմանենը, բացման արարողությանը, որը տեղի է ունենալու Սենայի վրա, ընդհանուր առմամբ հետեւելու է մոտ 600 հազար մարդ։ Այդ թվում ավելի քան 100 հազար հանդիսատես կկարողանա տոմսեր ունենալու դեպքում լինել տրիբունաներում, որոնք տեղադրվել են ստորին ափերին։ Եվս 220 հազար մարդ կկարողանա անվճար տեղավորվել վերին ափերին։ ՆԳՆ ղեկավարի խոսքով՝ մոտ 200 հազար մարդ հնարավորություն կունենա հետեւելու Խաղերի բացման արարողությանը Սենայի ափերի մոտ կայանած նավակներից, ինչպես նաեւ մերձակա տների պատշգամբներից։ Մոտ 50 հազար մարդ էլ կտեղավորվի ֆան-գոտիներում, մեծ էկրանների առջեւ։
Դարմանենը նշել է, որ օլիմպիական օբյեկտների մոտ գտնվող սեկտորներ այցելելու համար անհրաժեշտ կլինի ստանալ QR-կոդ։ Այն պետք է ներկայացնել անձը հաստատող փաստաթղթերի հետ միասին։