Ֆրանսիական Ժիրոնդ և Լանդ դեպարտամենտներում մոլեգնող անտառային հրդեհների պատճառով չորեքշաբթի օրը շարունակում են օդի աղտոտվածության «շատ վատ»-ից մինչև «ծայրահեղ վտանգավոր» ցուցանիշներ արձանագրվել։ Այս մասին տեղեկացնում է Նոր Ակվիտանիա տարածաշրջանում օդի որակի մոնիտորինգ անցկացնող «Atmo Nouvelle-Aquitaine» կազմակերպությունը։
Ըստ աղբյուրի՝ ստեղծված էկոլոգիական ճգնաժամն անտառային հրդեհների հետևանք է, որոնք ավելացրել են մթնոլորտում PM2.5 և PM10 կախույթային մասնիկների խտությունը։ Օդի աղտոտվածությունը պայմանավորված է ոչ միայն թանձր ծխով, այլև օզոնի մակարդակի աճով, ինչին նպաստում է նաև տիրող շոգն ու արևոտ եղանակը։ «BFMTV»-ի փոխանցմամբ՝ չորեքշաբթի օրը Ժիրոնդում օդի ջերմաստիճանը կարող է բարձրանալ մինչև 42 աստիճան, ինչն էլ ավելի կբարդացնի կրակի դեմ պայքարը։
Եվրոպայում, հատկապես Ֆրանսիայում և Իսպանիայում, հրդեհներն այս տարի աննախադեպ ծավալներ են ընդունել։ Եվրահանձնաժողովի տվյալներով՝ ԵՄ քաղաքացիական պաշտպանության աջակցության ծրագրով աղետի գոտի է ուղարկվել 13 ինքնաթիռ, 4 ուղղաթիռ և հարյուրավոր հրշեջներ (Եվրամիության տարբեր երկրներից)։



