Ֆրանսիայի հարավում մոլեգնող անտառային հրդեհը...

Ֆրանսիայի հարավում գտնվող Օդի դեպարտամենտում անտառային հրդեհը, որը գրեթե 24 ժամում ընդգրկել է 13 000 հեկտար տարածք, դարձել է առնվազն վերջին 20 տարվա ընթացքում ամենախոշորը։ Այս մասին հաղորդել է Le Parisien թերթը՝ հղում անելով պաշտոնական տվյալներին։

Ֆրանսիայի էկոլոգիական վերափոխումների նախարար Ագնես-Պանիե Ռյունաշեն հայտնել է, որ Օդում հրդեհն այրել է նույնքան տարածք, որքան ամբողջ երկրում այրվել է 2024 թվականին։ Նա նաև հավելել է, որ դա երկու անգամ ավելի մեծ տարածք է, քան այրվել է 2023 թվականին։

Իր հերթին France24 պարբերականը հաղորդում է, որ արագ տարածվող հրդեհի հետևանքով 1 մարդ է զոհվել, ևս 9՝ վիրավորվել։ Հրդեհի դեմ պայքարում է 1800-ից ավելի հրշեջ։ Այրվել են տներ, 2500 տուն մնացել է առանց էլեկտրականության։ 

Հրդեհի շրջանում ընկած մեկ գյուղից, ինչպես նաև ճամբարային որոշ հատվածներից մարդկանց տարհանում է տեղի ունեցել։ Մի քանի ճանապարհ փակվել է։