
Ֆրանսիայի Ազգային ժողովի բյուրոն՝ խորհրդարանի ստորին պալատի բարձրագույն կոլեգիալ մարմինը, մերժել է ձախակողմյան ընդդիմության առաջարկությունը հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին իշխանությունից զրկելու գործընթաց սկսելու վերաբերյալ։ Այս մասին հաղորդել է Le Figaro թերթը։
Պարբերականի տվյալներով՝ բյուրոյի նիստի մասնակիցներն արձանագրել են հիմքերի բացակայությունը՝ քննարկման ընդունելու Մակրոնին իմփիչմենթ հայտարարելու պահանջը, որը ներկայացրել է 104 պատգամավորի ստորագրություն հավաքած ձախակողմյան «Անկոտրում Ֆրանսիա» կուսակցությունը։
Ֆրանսիայի նախագահի լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը նրա կողմից իր պարտականությունները չկատարելու դեպքում նախատեսում է Սահմանադրության 68-րդ հոդվածը։ Իմփիչմենթի նախաձեռնողները պետք է առաջին փուլում հավաքեն 58 պատգամավորի (ստորին պալատի կազմի մեկ տասներորդի) ստորագրությունները։ Պալատի բյուրոն պետք է դրանից հետո որոշի, թե բանաձևի նախագիծը կարող է արդյոք ընդունվել քննարկման:
Այնուհետև նախագծին պետք է հավանություն տա պրոֆիլային հանձնաժողովը։ Հավանություն ստանալու համար բանաձևի օգտին պետք է կողմ քվեարկի Ազգային ժողովի պատգամավորների երկու երրորդը։ Այնուհետև օրինագիծը ներկայացվում է Սենատ (խորհրդարանի վերին պալատ): Եթե երկու պալատներն էլ հաստատեն փաստաթուղթը, պատգամավորներն ու սենատորները պետք է հավաքվեն համատեղ նիստի: Իմփիչմենթի համար անհրաժեշտ է, որ բանաձևին հավանություն տա երկու պալատների 925 անդամներից առնվազն 617-ը։
«Անկոտրում Ֆրանսիան» նման առաջարկություն էր ներկայացրել դեռևս անցյալ տարի: Ու թեև առաջարկությունն ստացել էր Ազգային ժողովի բյուրոյի հավանությունը, այն հետագայում մերժվել էր օրենսդրական հարցերի խորհրդարանական հանձնաժողովի քննարկման ժամանակ, որտեղ բոլոր խմբակցությունների ղեկավարները, բացառությամբ ձախակողմյան «Նոր ժողովրդական ճակատ» կոալիցիայի և աջակողմյան «Ազգային միավորում» կուսակցության, դեմ էին հանես եկել նախաձեռնությունը խորհրդարանի ստորին պալատում քվեարկության դնելուն:
Ֆրանսիայում քաղաքական ճգնաժամը խորացել է վարչապետ Լեկոռնյուի հրաժարականից հետո։ Ֆրանսիայի ընդդիմությունը պահանջել է, որ կա՛մ նախագահ Էմանուել Մակրոնը հեռանա պաշտոնից, կա՛մ խորհրդարանի ցրվի, և նոր ընտրություններ անցկացվեն։