Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ է վերընտրվել...

Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատի՝ Ազգային ժողովի պատգամավորները հուլիսի 18-ին խոսնակի պաշտոնում վերընտրել են նախագահ Էմանուել Մակրոնի դաշնակից Յաել Բրոն-Պիվեին։

Նա քվեարկության երրորդ փուլում ստացել է 220 պատգամավորի աջակցությունը։ Երկրորդ տեղը զբաղեցրել է «Նոր ժողովրդական ճակատ» ձախ կոալիցիայից 74-ամյա Անդրե Շասենը՝ 207 ձայնով: Երրորդը աջակողմյան «Ազգային միավորում» կուսակցության նախկին փոխխոսնակ Սեբաստիեն Շենյուն է՝ 141 ձայնով:

«Մենք տեսանք, որ երկիրը պառակտված է և տագնապի մեջ է, ուստի այժմ մենք հսկայական պատասխանատվություն ենք կրում։ Այս Ազգային ժողովը, թերևս, լավագույնս ներկայացնում է ֆրանսիացի ժողովրդին և նույնպես պառակտված է։ Մենք պետք է համակերպվենք, համագործակցենք, փոխզիջումներ փնտրենք, երկխոսություն վարենք, լսենք միմյանց և առաջ շարժվենք»,- իր ելույթում նշել է Բրոն-Պիվեն։

Նրա թեկնածությունն առաջադրվել էր Մակրոնի «Միասին» դաշինքի կողմից։ Բրոն-Պիվեն ունի իրավաբանական կրթություն, 2017 թվականին ընտրվել էր Ազգային ժողովի անդամ Մակրոնի կուսակցության կողմից և ղեկավարել Ստորին պալատի իրավական հարցերով հանձնաժողովը։ 2022 թվականին նա առաջին անգամ ընտրվել էր Ազգային ժողովի նախագահ։