
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կոչ է արել «բոլոր կողմերին ցուցաբերել առավելագույն զսպվածություն» և թուլացնել լարվածությունը՝ ամբողջ տարածաշրջանի կայունությունը չվտանգելու համար։ Այս մասին նա գրառում է կատարել X սոցիալական հարթակում՝ անդրադառնալով Իրանի դեմ Իսրայելի հարվածներին։
«Ֆրանսիան բազմիցս դատապարտել է Իրանի շարունակական միջուկային ծրագիրը և դրան ի պատասխան՝ ձեռնարկել է բոլոր համապատասխան դիվանագիտական միջոցները։ Այս համատեքստում Ֆրանսիան վերահաստատում է Իսրայելի իրավունքը՝ պաշտպանվելու և ապահովելու իր անվտանգությունը։ Ամբողջ տարածաշրջանի կայունությունը չվտանգելու համար ես կոչ եմ անում բոլոր կողմերին ցուցաբերել առավելագույն զսպվածություն և թուլացնել լարվածությունը», - գրել է Ֆրանսիայի նախագահը։
Մակրոնը նշել է, որ գիշերն Իրանի վրա Իսրայելի հարվածներից հետո հունիսի 13-ի առավոտյան Ազգային պաշտպանության և Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել։ Նա հայտարարել է, որ Ֆրանսիան ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները՝ տարածաշրջանում իր քաղաքացիներին, դիվանագիտական առաքելությունները և ռազմական բազաները պաշտպանելու համար։
«Տարածաշրջանում բոլորի համար խաղաղությունն ու անվտանգությունը պետք է մնան մեր ուղղորդող սկզբունքը», - հավելել է նա։
Մակրոնը նշել է, որ վերջին զարգացումների մասին խոսել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, ինչպես նաև Սաուդյան Արաբիայի, Հորդանանի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Կատարի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի առաջնորդների հետ։