Ֆրանսիան ռազմանավ կուղարկի Կիպրոս

Կիպրոսի պաշտոնյաները հայտնել են, որ Ֆրանսիան ռազմանավ կուղարկի Կիպրոս՝ անօդաչու թռչող սարքերի դեմ պաշտպանությունը հզորացնելու համար, այն բանից հետո, երբ «Ռաշեդ» անօդաչու թռչող սարքը հարվածել էր Կիպրոսում բրիտանական ռազմաբազային։ Այս մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը։

Պաշտոնյաները հաստատել են, որ Ֆրանսիան նաև լրացուցիչ ցամաքային, հակադրոնային և հակահրթիռային համակարգեր կուղարկի Կիպրոս։

Գերմանիան նույնպես դրական է արձագանքել ռազմանավ ուղարկելու Կիպրոսի խնդրանքին՝ ըստ երեք պաշտոնյաների, որոնց ինքնությունը չի բացահայտվում։ Նրանք ասել են, որ սարքավորումները հնարավորինս շուտ կհասնեն Կիպրոս։

Անօդաչու թռչող սարքը հարվածել էր Բրիտանիայի թագավորական ռազմաօդային ուժերի Ակրոտիրի ռազմաբազային մարտի 2-ի կեսգիշերից կարճ ժամանակ անց։ Պատճառվել էր աննշան նյութական վնաս։ Մարտի 2-ի ցերեկը բրիտանական ռազմական ինքնաթիռները խափանել են ևս երկու ԱԹՍ, երբ դրանք օդ են բարձրացել ավիաբազայից, հայտնել են պաշտոնյաները։

Հունաստանը Կիպրոս է ուղարկել չորս F-16 կործանիչ, ևս երկու ժամանակակից ֆրեգատ ճանապարհին են։

Իսրայելը և ԱՄՆ-ն փետրվարի 28-ից հարվածներ են հասցնում Իրանին, որն էլ պատասխան հարվածներ է հասցնում Իսրայելին և տարածաշրջանի երկրներում գտնվող ամերիկյան ռազմաբազաներին և էներգետիկ օբյեկտներին։