
Ֆրանսիան չի միանա Ուկրաինայի համար ամերիկյան զենքի գնման նախաձեռնությանը։ Այս մասին գրում է Politico-ն՝ հղում անելով երկու տեղեկացված պաշտոնյաների։ Նրանց խոսքով՝ Փարիզը դժվարություններ ունի սեփական պաշտպանական ծախսերը մեծացնելու հարցում՝ փորձելով կրճատել բյուջեն և զսպել հսկայական դեֆիցիտը (մայիսի դրությամբ՝ 94 միլիարդ եվրո)։ Բացի այդ, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարծում է, որ եվրոպական երկրները պետք է կենտրոնանան սեփական պաշտպանական արդյունաբերության զարգացման վրա, որը պետք է արվի տեղական արտադրողներից սպառազինությունների գնումների հաշվին։ Նախօրեին նա հայտարարել է, որ մինչև 2027 թվականը պաշտպանական ծախսերը կավելանան մինչև 64 միլիարդ եվրո։
Իտալիան հետևելով Ֆրանսիայի օրինակին՝ նույն դիրքորոշումն է որդեգրել։ La Stampa-ի աղբյուրները հայտնել են, որ պատճառը նույնն է՝ բյուջեում նման ծախսերի համար գումարի բացակայություն։ «Ամերիկյան զենքի գնման մասին խոսք երբեք չի եղել այստեղ», - հայտարարել է երկրի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը։ Բացի այդ, Իտալիան արդեն Ուկրաինային է փոխանցել մի քանի Samp-T զենիթահրթիռային համալիրներ, որոնք հիմնված են այլ տեխնոլոգիական կոնֆիգուրացիաների վրա։ Ավելի վաղ ամերիկյան զենքի գնումներին մասնակցելուց հրաժարվել էր նաև Չեխիան։ Ինչպես հայտնել է վարչապետ Պետր Ֆիալան՝ Պրահան կկենտրոնանա աջակցության այլընտրանքային եղանակների վրա, ներառյալ զինամթերքի մատակարարումները։
Թրամփը նոր օգնության ձևաչափը Ուկրաինային ներկայացրել է հուլիսի 14-ին։ Խոսքը վերաբերել է այն հանգամանքին, որ Վաշինգտոնը կսկսի զենք ուղարկել Կիևին, սակայն բոլոր ծախսերը կվճարեն ՆԱՏՕ-ի եվրոպական դաշնակիցները։ Axios-ի աղբյուրների համաձայն՝ առաջին ռազմական օգնության խմբաքանակի արժեքը կազմելու է 10 միլիարդ դոլար։ Այն կներառի հրթիռներ, հրետանային նռնականետեր և Patriot համակարգեր։