![Ֆրանսիան և ԵՄ-ն պատրաստ են արձագանքել Թրամփի...](/imgs/posts/medium/2025/02/f2e6272.jpeg)
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան Նոել Բարոն կարծում է, որ իր երկիրը և Եվրամիությունը պատրաստ են արձագանքել, եթե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մաքսատուրքեր սահմանի եվրոպական ապրանքների համար։ Այս մասին Բարոն ասել է TF1 հեռուստաալիքին տված հարցազրույցում:
«Սա անակնկալ չէ: Դոնալդ Թրամփն արդեն դա արել է 2018 թվականին, և մենք այն ժամանակ արձագանքեցինք: Այս անգամ մենք կրկին կարձագանքենք», - ասել է Ֆրանսիայի ԱԳ նախարարը։
Հարցին, թե որ տեսակի ապրանքների դեպքում կարող է լինել Եվրոպայի արձագանքը, նախարարը պատասխանել է, որ Եվրահանձնաժողովը պետք է որոշի այն ոլորտները, որոնց համար ԵՄ-ն համապատասխան միջոցներ կձեռնարկի: Եվ Եվրահանձնաժողովը, նրա խոսքով, Եվրամիության երկրներին հավաստիացրել է, որ «անհրաժեշտ պահին պատրաստ կլինի» նման միջոցներ կիրառել։
«Այդ պահը եկել է, - հավելել է Բարոն: - Որևէ տատանում չպետք է լինի, երբ խոսքը մեր շահերի պաշտպանության մասին է»:
«Եվ ես արդեն ասել եմ, որ ոչ ոք շահագրգռված չէ Եվրամիության հետ առևտրային հակամարտության մեջ մտնել», -ընդգծել է Ֆրանսիայի արտգործնախարարը։
Դեռևս պաշտոնն ստանձնելուց առաջ Թրամփը հայտարարել է, իսկ ավելի ուշ՝ հաստատել, որ մաքսատուրքեր կսահմանի ԵՄ երկրների դեմ, եթե նրանք չմեծացնեն ամերիկյան նավթի և գազի գնման ծավալները։ Նրա կարծիքով՝ Եվրամիությունը պետք է լրացնի ԱՄՆ-ի հետ առևտրային հարաբերություններում իր հսկայական դեֆիցիտը նավթի և գազի խոշորամասշտաբ գնումներով, հակառակ դեպքում ԵՄ-ին համատարած մաքսատուրքեր են սպասում։
Ավելի վաղ Թրամփը 1 ամսով հետաձգել է Մեքսիկայից և Կանադայից ներմուծվող ապրանքների համար 25% մաքսատուրքերի սահմանումը։ Իսկ Չինաստանից ներմուծվող ապրանքների համար սահմանված 10% տոկոս լրացուցիչ մաքսատուրքերն ուժի մեջ են մտել փետրվարի 4-ին։ Չինաստանի կողմից ամերիկյան ապրանքների նկատմամբ պատասխան մաքսատուրքերն ուժի մեջ են մտել փետրվարի 10-ին։