Ֆրանսիական «Total Energies» ընկերությունը Ապշ...

Ֆրանսիական «Total Energies» ընկերությունը հուլիսին Կասպից ծովի «Ապշերոն» գազակոնդենսատային հանքավայրից 100 մլն խորանարդ մետր գազ է արդյունահանել․ հայտնում է «Ինտերֆաքս-Ադրբեջան»-ը։ 

«Օպերատիվ տվյալներով՝ Ապշերոնի հանքավայրից մինչև 2023 թվականի օգոստոսի 1-ը արդյունահանվել է 100 մլն խորանարդ մետր բնական գազ և 40,4 հազար տոննա կոնդենսատ», - ընդգծել է լրատվականը։

Total Energies-ը և SOCAR-ը (Ադրբեջանի պետական նավթային ընկերություն) 2023թ․ հուլիսի 10-ին հայտարարել են Ապշերոնի հանքավայրի շահագործման առաջին փուլի շրջանակներում արդյունահանման մեկնարկի մասին։

Ներկայումս Ապշերոնի հանքավայրից արդյունահանման առաջին փուլի շրջանակներում օրական արդյունահանվում է 4,3 մլն խմ գազ և 1400 տոննա կոնդենսատ: Գազը նախատեսված է Ադրբեջանի ներքին շուկայի համար։

SOCAR -ը և Total Energies -ը «Absheron» նախագծում ունեցել են հավասար մասնակցություն՝ 50-ական տոկոս։ Սակայն 2023 թվականի օգոստոսի 4-ին Աբու Դաբիի ազգային նավթային ընկերությունը (ADNOC) նախագծում ձեռք է բերել 30%  բաժնեմաս՝ 15-ական տոկոս SOCAR-ից և Total Energies-ից։ Գործարքի ավարտից հետո SOCAR-ի և Total Energies-ի բաժնեմասերը «Աբշերոն» նախագծում կկազմեն 35-ական տոկոս։