ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մերժել է Իրանի ներկայացրած առաջարկը՝ Հորմուզի նեղուցի վերաբացման և ԱՄՆ–Իրան բանակցությունների վերսկսման վերաբերյալ։
Առաջարկը Վաշինգտոնին փոխանցվել է Քաթարի միջնորդությամբ։ Թեհրանը պատրաստակամություն է հայտնել մեկ շաբաթվա ընթացքում վերաբացել Հորմուզի նեղուցը և վերսկսել միջուկային բանակցությունները, եթե ԱՄՆ-ը վերացնի իրանական նավահանգիստների ծովային շրջափակումը, մեղմացնի իրանական նավթի վաճառքի նկատմամբ սահմանափակումները և վերականգնվի տարածաշրջանային հրադադարը։
Թրամփը հայտարարել է, որ Իրանի առաջարկն իրեն չի բավարարում։ Վաշինգտոնը ցանկանում է, որ հնարավոր համաձայնությունը ներառի նաև Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ զիջումներ։
Չնայած առաջարկի մերժմանը՝ բանակցային գործընթացը չի դադարեցվել։ Թրամփը հայտարարել է, որ արդեն այս շաբաթ ակնկալում է Իրանի հետ նոր բանակցություններ։ Քաթարը շարունակում է միջնորդական շփումները կողմերի միջև, և քննարկվում են առաջարկի փոփոխված տարբերակներ։
Իրանի ԱԳ նախարար Աբաս Արաղչին հայտարարել է, որ Թեհրանը դեռ միջնորդների միջոցով ԱՄՆ-ի պաշտոնական վերջնական պատասխանը չի ստացել։ Նրա խոսքով՝ Իրանը պատրաստ է բանակցությունների, սակայն Հորմուզի նեղուցի վերաբացումը հնարավոր է միայն իրանական պայմանների կատարման դեպքում։



