Ֆրանսիացիների ճնշող մեծամասնությունը հանդես է գալիս միգրանտների նկատմամբ Ֆրանսիայի քաղաքականությունը խստացնելու հարցը հանրաքվեի ներկայացնելու օգտին: Այդ մասին վկայում է հարցումը, որն անցկացվել է Europe 1-ի և մի շարք այլ ֆրանսիական ԶԼՄ-ների համար:
Ապրիլի 11-ին հրապարակված հետազոտության արդյունքների համաձայն՝ հարցման մասնակիցների 69%-ը կողմ է արտահայտվել Ֆրանսիայի միգրացիոն քաղաքականության շուրջ քվեարկությանը, իսկ մնացածը (31%)` դեմ։
Նշվում է, որ նման նախաձեռնությանն աջակցության մակարդակը տարբեր է՝ կախված տարիքային կատեգորիայից։ Օրինակ, 65-ից բարձր տարիքի անձանց հարցվածների շրջանում հանրաքվեն անհրաժեշտ համարողների բաժինը կազմում է 73%: 18-ից մինչև 24 տարիքային խմբում նման քվեարկության գաղափարը պաշտպանում է 54%-ը։
Ֆրանսիայի «Հանրապետական» կուսակցությունն ավելի վաղ առաջարկել էր հանրաքվե անցկացնել երկրի միգրացիոն օրենսդրության խստացման հարցով։ Կուսակցության ներկայացուցիչները խորհրդարանականներից 190 ստորագրություն էին հավաքել՝ ի պաշտպանություն այս առաջարկի։ Այժմ այդ նախաձեռնությունը քննարկվում է Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի կողմից։
Հարցումն անցկացվել է ապրիլի 9-10-ը։ Դրան մասնակցել է շուրջ 1000 մարդ։