Ֆրանսիացի մասնագետներն առաջարկել են ՀՀ-ում հա...

ՀՀ պետական եկամուտների կոմիտեում Զարգացման ֆրանսիական գործակալության (AFD) կողմից ֆինանսավորվող և Էքսպերտիզ ֆրանս կազմակերպության կողմից իրականացվող «ՀՀ հարկային վարչարարության աջակցության» ծրագրի համատեքստում իրականացվել է քառօրյա  առաքելություն: Այս մասին հայտնեցին ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Առաքելության շրջանակում տեղի են ունեցել «Պայքար միջազգային հարկային կեղծիքի դեմ» և «Ռիսկերի վերլուծություն և դատամայնինգի ինտեգրում» աշխատանքային խմբերի հանդիպումները՝ Ֆրանսիայի հանրային ֆինանսների գլխավոր վարչության փորձագետների և ՊԵԿ մասնագետների մասնակցությամբ։ Քննարկումների ընթացքում ֆրանսիացի փորձագետները օրինակներով ներկայացրել են հարկերից խուսափելու մեխանիզմներ, ուսումնասիրել են ՊԵԿ-ում առկա օրենսդրական կարգավորումները և ստուգման գործընթացները, ինչի հիման վրա առաջարկվել են ռիսկերի վերհանման և վերլուծության մեխանիզմներ՝ ՀՀ-ում հարկային ստուգումների գործընթացը բարելավելու նպատակով։ Քառօրյա հանդիպումների ընթացքում ՊԵԿ-ի կողմից արդյունավետորեն փորձարկվել են նաև ֆրանսիացի փորձագետների նախապես տրամադրած ռիսկերի վերհանման բանաձևերը: