Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, շնորհավորելով Դոնալդ Թրամփին ԱՄՆ նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ, հայտարարել է, որ սպասում է նրա հետ հաստատուն անդրատլանտյան օրակարգն առաջ մղելու շուրջ աշխատելուն։
Ուրսուլա ֆոն դեր Լայենի հայտարարությունը տարածել է Եվրահանձնաժողովի մամուլի ծառայությունը։
«Ջերմորեն շնորհավորում եմ Դոնալդ Թրամփին Ամերիկայի Միացյալ Նահանգների 47-րդ նախագահ ընտրվելու առթիվ։ Անհամբերությամբ սպասում եմ նախագահ Թրամփի հետ կրկին աշխատելուն՝ առաջ մղելու ուժեղ անդրատլանտյան օրակարգը։ ԵՄ-ն և ԱՄՆ-ն ավելին են, քան պարզապես դաշնակիցներ: Մեզ կապում է մեր ժողովուրդների միջև իսկական գործընկերությունը, որը միավորում է 800 միլիոն քաղաքացիների: Այդ կապը խորն է, արմատավորված է մեր ընդհանուր պատմության, ազատությանն ու ժողովրդավարությանը հանձնառության և բոլորի համար անվտանգության ու հնարավորությունների ընդհանուր նպատակների մեջ», - ասվում է Եվրահանձնաժողովի նախագահի հայտարարության մեջ։
Ֆոն դեր Լայենը կոչ է արել Թրամփին «միասին աշխատել անդրատլանտյան գործընկերության ուղղությամբ, որը կշարունակի օգուտ բերել մեր քաղաքացիներին»:
«Միլիոնավոր աշխատատեղերը և միլիարդների առևտուրն ու ներդրումները Ատլանտյան օվկիանոսի երկու կողմում կախված են մեր տնտեսական հարաբերությունների դինամիկայից և կայունությունից», - հավելել է նա:
Նախագահական ընտրություններում հաղթանակի առթիվ Թրամփը շնորհավորանքներ է ստացել բազմաթիվ երկրների և կառույցների ղեկավարներից։
Նրա հաղթանակն առաջինը կանխատեսել էր Fox News-ը, որից հետո նաև այլ լրատվամիջոցներ, որոնք աջակցում են Դեմոկրատական կուսակցությանը։
Ըստ Reuters-ի՝ հանրապետական Դոնալդ Թրամփն ապահովել է ընտրիչների 279 ձայն՝ անհրաժեշտ 270-ից, մինչդեռ Դեմոկրատական կուսակցությունից նրա մրցակից Քամալա Հարիսը՝ 223 ձայն։