Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտնել է, որ ԵՄ գործադիր մարմնի նոր կազմում կստեղծվի ընդլայնման հարցերով հանձնակատարի առանձին պաշտոն։ Այս մասին նա ասել է Սլովենիայի Բլեդ քաղաքում ռազմավարական ֆորումում ունեցած ելույթում, գրում է European Pravda-ն։
Ֆոն դեր Լայենն ընդգծել է, որ Եվրահանձնաժողովի ղեկավարի պաշտոնում իր առաջին ժամկետի ընթացքում «ընդլայնման հարցը վերադարձել է քաղաքական օրակարգի գլխավոր կետ», և դրանում փոքր դեր չի խաղացել Ուկրաինայի դեմ Ռուսաստանի լայնածավալ պատերազմը։
«Մենք ձգտում ենք ուժեղ, մրցունակ և ապահով Եվրոպայի, որը ներառում է Արևմտյան Բալկանները, ինչպես նաև Ուկրաինան և Մոլդովան և բոլոր նրանց, ում եվրոպական նկրտումները համապատասխանում են իրենց գործողություններին», - ասել է նա:
Եվրահանձնաժողովի նախագահն ընդգծել է, որ ԵՄ-ն «ժողովրդավարությունների համայնք է», հետևաբար այն երկրները, որոնք ձգտում են դառնալ դրա մաս, պետք է իրականացնեն անհրաժեշտ բարեփոխումներ և լուծեն երկկողմ վեճերը։
«Ես ուզում եմ, որ ընդլայնմանն ուղղված մեր աշխատանքը էլ ավելի արագանա։ Հաջորդ Հանձնաժողովում ընդլայնումը պետք է լինի մշտական գործունեություն, որը թույլ կտա դրան լիարժեք ուշադրություն դարձնել: Այդ իսկ պատճառով ես կնշանակեմ ընդլայնման հարցերով հատուկ հանձնակատար։ Եկեք միասին գրենք պատմությունը»,- հայտարարել է ֆոն դեր Լայենը։