Ֆոն դեր Լայենը և Կոշտան ողջունել են Մոլդովայո...

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Մոլդովային շնորհավորել է խորհրդարանական ընտրությունների արդյունքների առթիվ և հայտարարել է ԵՄ-ին անդամակցելու ձգտման հարցում Քիշնևին աջակցելու մասին։ Այս մասին նա գրել է X սոցիալական հարթակում։

«Մոլդովա, ձեզ մոտ կրկին ստացվեց։ Վախ կամ պառակտում սերմանելու ոչ մի փորձ չկարողացավ կոտրել ձեր վճռականությունը։ Դուք հստակ ընտրություն կատարեցիք՝ Եվրոպա, ժողովրդավարություն, ազատություն։ Մեր դռները բաց են։ Եվ մենք Ձեզ հետ կլինենք ճանապարհի յուրաքանչյուր փուլում», - գրել է քաղաքական գործիչը:

Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան X-ում նույնպես հայտարարել է, որ Մոլդովայի ժողովուրդը, «չնայած Ռուսաստանի կողմից ճնշմանը և միջամտությանը», հստակ ընտրություն է կատարել ժողովրդավարության, բարեփոխումների և եվրոպական ապագայի օգտին։

Ըստ սեպտեմբերի 28-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքների՝ եվրոպամետ «Գործողության և համերաշխության կուսակցությունը» ստացել է ձայների 50,2%-ը: Ռուսամետ «Հայրենասիրական դաշինքի» օգտին քվեարկել է ընտրողների 24,2%-ը:  

Մոլդովայի ընդդիմությունը հայտարարել է, որ չի ընդունում խորհրդարանական ընտրությունների արդյունքները։ Քիշնևի կենտրոնում ընդդիմության հանրահավաքին հարյուրավոր մարդիկ են հավաքվել։