Ֆինլանդիայի Լապլանդիայի նահանգի Ռովայարվիի և Ռովանիեմիի շրջաններում նոյեմբերի 4-ին մեկնարկել են Lightning Strike-24 հրետանային զորավարժությունները, որոնք կդառնան Եվրոպայում ՆԱՏՕ-ի ամենախոշոր հրետանային զորավարժությունների մի մասը: Այդ մասին տեղեկացնում է «Ինտերֆաքս» գործակալությունը:
«Ռովայարվին, որպես Հյուսիսային Եվրոպայի խոշորագույն ուսումնական զորավարժարան, Հյուսիսատլանտյան դաշինքի ուժերին տրամադրում է հիանալի պայմաններ բազմակողմանի կրակային պատրաստության համար: Մենք շատ ուրախ ենք Lightning Strike զորավարժություններն այս տարի ավելի մասշտաբային նախապատրաստման շրջանակներում անցկացնելու հնարավորության համար», - ավելի վաղ ասել է գնդապետ Յաննե Մյակիտալոն՝ Lightning Strike–24 զորավարժությունների ղեկավարը:
Զորավարժությունների հիմնական նպատակը հյուսիսային ուղղությամբ ՆԱՏՕ-ի պաշտպանական հնարավորությունների ցուցադրումն է։
Lightning Strike–24 զորավարժությունները Dynamic Front–25 գործողության մի մասն են, որն ԱՄՆ-ի ղեկավարությամբ անցկացվում է դաշինքի հինգ տարբեր երկրներում՝ բացի Ֆինլանդիայից նաև Էստոնիայում, Դանիայում, Ռումինիայում և Լեհաստանում: Մասնակիցների ընդհանուր թիվը կկազմի շուրջ 5000 զինվոր և սպա` 28 երկրներից։
Ֆինլանդիայում զորավարժությունները Բանակային ակադեմիայի ղեկավարությամբ կանցկացվեն նոյեմբերի 4-ից 28-ը։ Դրանց կմասնակցի շուրջ 3600 զինծառայող, որոնցից մոտավորապես 1250-ը՝ զինվորներ և սպաներ ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Շվեդիայից, Էստոնիայից, Դանիայից և Չեխիայից։
Ֆինլանդիան կներկայացնեն պաշտպանության ուժերի, ռազմաօդային ուժերի, ինչպես նաև սահմանապահ ծառայության զինծառայողները: