
Ֆինլանդիայում Ռուսաստանի դեսպան Պավել Կուզնեցովը մայիսի 26-ին հրավիրվել է արտաքին գործերի նախարարություն, որտեղ նրան նոտա են հանձնել՝ կապված երկու ռուսական ռազմական ինքնաթիռների կողմից երկրի օդային տարածքը խախտելու կասկածի հետ։ Այս մասին հաղորդում է Yle պարբերականը՝ վկայակոչելով արտգործնախարարությունը։
«Դեսպանին հայտնել են, որ Ֆինլանդիան լուրջ է վերաբերվում ենթադրյալ տարածքային խախտմանը, և խնդրել են բացատրություն տալ։ Դեսպանին նոտա է հանձնվել այս հարցի վերաբերյալ», - նշված է հրապարակման մեջ։
Ֆինլանդիայի ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնել են, որ ՌԴ դեսպանն ի գիտություն է ընդունել այս հարցը և հայտարարել, որ հաղորդագրությունը կփոխանցի։
Մայիսի 23-ին Ֆինլանդիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ երկու ռուսական ռազմական ինքնաթիռներ կասկածվում են Պորվոոյի ափերի մոտ երկրի օդային տարածքը խախտելու մեջ։ Երկրի սահմանապահ ծառայությունը հետաքննում է միջադեպը և այս հարցի շուրջ ավելի մանրամասն տեղեկատվություն կտրամադրի հետաքննությանը զուգընթաց։
Իր հերթին «Ինտերֆաքս» գործակալությունը հիշեցնում է, որ վերջին անգամ ֆիննական կողմը ռուսական ինքնաթիռի կողմից Ֆինլանդիայի օդային տարածքի խախտման մասին հայտնել էր փետրվարին՝ Հանկո թերակղզուց արևմուտք գտնվող Ֆիննական ծոցում, որտեղ, ըստ երկրի իշխանությունների, ռուսական ինքնաթիռը գտնվել է մի քանի րոպե։