Ֆինլանդիան կանջատի Ռուսաստանի արտասահմանյան ի...

Ֆինլանդիան 2027 թվականից կդադարեցնի էլեկտրահաղորդման գծերի (ԷՀԳ) հենասյուների սպասարկումը, որոնցով Ռուսաստան է փոխանցվում արտասահմանյան ինտերնետ-տրաֆիկի ուղիների մի մասը։ Ֆիննական «Fingrid» էներգետիկ ընկերությունը համապատասխան նախազգուշացումն ուղարկել է ռուսական կապի օպերատորներին, «Коммерсантъ»-ին հայտնել են հեռահաղորդակցության շուկայի աղբյուրները։ Դրանցից մեկի խոսքով՝ նախատեսվում է, որ մանրաթելային-օպտիկական կապի գծերը կկտրվեն, իսկ հենասյուները՝ կապամոնտաժվեն։ Պարբերականի մեկ այլ զրուցակից պարզաբանել է, որ 2022 թվականից դեպի Ֆինլանդիա էլեկտրաէներգիայի մատակարարման դադարեցման պատճառով հենասյուները միայն կապի օպերատորների համար սպասարկելը ոչ շահավետ է դարձել ինչպես «Fingrid»-ի, այնպես էլ «Ռոսսետի»-ի համար։

Ընդ որում, 2022 թվականից հետո արտասահմանյան ինտերնետ-տրաֆիկի շուրջ 60–70%-ն անցնում է Ֆինլանդիայով, «Коммерсантъ»-ի հետ զրույցում գնահատել է աղբյուրը։ Ցանցային շուկայի մեկ այլ զրուցակից նշել է, որ ԷՀԳ հենասյուներով է անցնում Ֆինլանդիայի հետ կապի բոլոր գծերի մինչև 30%-ը։ Միևնույն ժամանակ, պարբերականի աղբյուրի փոխանցմամբ, ռուսական օպերատորներն այժմ բանակցություններ են վարում ֆիննական հեռահաղորդակցային ընկերությունների հետ՝ այլընտրանքային երթուղիներ տրամադրելու շուրջ։ «Տարբերակներ շատ կան, սակայն հարցը ժամանակի մեջ իրականացնելն է, բացի այդ, շատ օպերատորներ ունեն այլ երթուղիներով պահուստային ուղիներ», - պարզաբանել է զրուցակիցը։

Ֆիննական ուղղությամբ մայրուղային մանրաթելաօպտիկական կապի գծերի մի մասի շահագործման դադարեցումը կարող է անդրադառնալ Հյուսիս-արևմտյան ֆեդերալ օկրուգում կապի որակի վրա։ Այդուհանդերձ, Ռուսաստանի եվրոպական մասի համար Ֆինլանդիան ինտերնետ-տրաֆիկի տարանցման միակ ուղին չէ, նշում է «Vigo» ընկերության պրոդուկտների գծով տնօրեն Անտոն Պրոկոպենկոն։ Նա հիշեցրել է, որ այլընտրանքային կապուղիներ անցնում են Բելառուսով, Բալթյան երկրներով, ինչպես նաև Բալթիկ ծովի հատակով։

Սակայն գծերի մի մասի դուրսգրումը կնվազեցնի ցանցի պահուստային հնարավորությունները և կպահանջի միջազգային տրաֆիկի երթուղիների վերակարգավորում, հավելել է Պրոկոպենկոն։ Ըստ նրա՝ եթե կորցրած թողունակությունը չհաջողվի լրացնել այլ ուղիներով, ապա ցանցի առանձին հատվածների գերծանրաբեռնվածությունը կարող է հանգեցնել կապի դանդաղեցման աճի և ՌԴ եվրոպական հատվածի օգտատերերի համար արտասահմանյան ինտերնետ-ծառայությունների որակի անկման։