Ֆինլանդիայի իշխանությունները կալանքի տակ են դրել լողափի այն հատվածը, որը պատկանում էր ՌԴ-ին և օգտագործվում էր դիվանագետների հանգստի համար: Այս մասին հաղորդում է Yle հեռուստառադիոհեռարձակող հարթակը։
Ըստ հրապարակման՝ Ֆինլանդիայի տարբեր անկյուններում սկսվել է ռուսական պետական ունեցվածքի բռնագրավում: Օբյեկտներից մեկը Ռուսաստանի Դաշնությանը պատկանող ծովամերձ հողատարածքն է Կիրկկոնումմիում գտնվող Հեգեսբիլ համայնքում։ Խոսքը գնում է 17,3 հա հողատարածքի և 3,5 հա ծովային ջրատարածքի մասին։ Ունեցվածքի վրա կալանք է դրվել հոկտեմբերի 24-ին։
Նշվում է, որ բռնագրավվել է տասնյակ միլիոն դոլարի սեփականություն։
Yle-ի տվյալներով՝ իրավապահ մարմինների գործողությունները հիմնված են Հաագայի Միջազգային արբիտրաժային դատարանի կողմից 2023 թ. ապրիլին կայացված որոշման վրա։
Ըստ հրապարակման՝ դատարանը Ռուսաստանին պարտավորեցրել է նաև ուկրաինական «Նավթոգազ» էներգետիկ ընկերությանը որպես փոխհատուցում վճարել ավելի քան 4 միլիարդ դոլար։
Իր հերթին Helsingin Sanomat թերթը հաղորդել է, որ Հելսինկիում և Ալանդյան կղզիներում բռնագրավվել է ռուսաստանցիներին պատկանող առնվազն հինգ այլ անշարժ օբյեկտ: Դրանց թվում է, օրինակ, Հելսինկիում գիտության և մշակույթի ռուսական կենտրոնը։ Helsingin Sanomat-ի տվյալներով՝ Ֆինլանդիան, հնարավոր է, առաջին երկիրն է, որը բռնագրավումներ է իրականացրել։