ՀՀ ֆինանսների նախարարությանը հաճախ են քաղաքացիները հարցեր ուղղում հիփոթեքային վարկի դիմաց եկամտահարկի վերադարձի վերաբերյալ։ Ֆինանսների նախարարության պատասխանը այդ հարցերին հետևյալն է․
Հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների գումարների չափով վարկառուի (համավարկառուների) կողմից վճարված եկամտային հարկի գումարների վերադարձը ՀՀ ֆինանսների նախարարության կողմից կատարվում է «Հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների գումարների չափով ֆիզիկական անձանց կողմից վճարված եկամտային հարկի գումարների վերադարձման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 05-ի թիվ 1321-Ն որոշման դրույթներին համապատասխան:
Մասնավորապես, տվյալ որոշման 10-րդ կետի համաձայն՝ «Կատարվող վերադարձը վերադաս հարկային մարմնի կողմից ընդունվելու դեպքում ոչ ուշ, քան եզրակացությունն ստանալու օրվան հաջորդող ութերորդ աշխատանքային օրը գանձապետարան է ներկայացվում վճարման հանձնարարական: Վերադաս հարկային մարմնի կողմից եկամտային հարկի վերադարձը մերժվելու դեպքում եզրակացությունն ստանալու օրվան հաջորդող ութ աշխատանքային օրվա ընթացքում եզրակացությունը, մերժման հիմքերի նշումով, վերադարձվում է այն ներկայացրած հարկային մարմին՝ մերժման հիմքերի մասին վարկառուին ծանուցելու համար։
12-րդ կետի համաձայն՝ «Հանձնարարականը ներկայացվելու օրվանից հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում վերադարձվող գումարը փոխանցվում է վարկառուի բանկային հաշվին:
Հայտնում ենք, որ ՀՀ ֆինանսների նախարարությունը ըստ վարկառուի (համավարկառուների) հաշվառում չի իրականացնում: Ուստի ՀՀ ֆինանսների նախարարության կողմից գումարի վերադարձը իրականացնելիս վերոնշյալ՝ 12 -րդ կետի ժամկետի պահպանման հանգամանքը հավաստելու նպատակով անհրաժեշտ է տրամադրել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից ՀՀ ֆինանսների նախարարությանն ուղարկված համապատասխան գրության տվյալները՝ ելից համարը, ամսաթիվը, որով ներկայացվել է դիմումատուի անվամբ վճարման հանձնարարականը: