Կառավարության կողմից հավանության արժանացած «Պետական վերահսկողական ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին եւ հարակից օրենքների նախագծերի փաթեթը այսօր ԱԺ Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել է եւ ստացել դրական եզրակացություն, ընդգրկվելով խորհրդարանի լիագումար նիստի օրակարգում:
Հանձնաժողովի նիստում ««Պետական վերահսկողական ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ կից օրինագծերի փաթեթը ներկայացնելիս ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը մասնավորապես ասել է, որ Կառավարության նիստում հավանության արժանացած օրենսդրական նախաձեռնության մշակումը պայմանավորված է գործող օրենքում շուրջ վեց տարիների ընթացքում գործնականում ի հայտ եկած մի շարք խնդիրների վերացման, վերահսկողական գործիքակազմերի հստակեցման եւ Ծառայության զարգացման ներկա փուլում արդի մարտահրավերներին առավել արդյունավետ արձագանքելու անհրաժեշտությամբ:
Առաջին առանցքային փոփոխությամբ նախատեսվում է ՀՀ Ֆինանսների նախարարության կողմից պետբյուջեի կատարման նկատմամբ հսկողության իրականացման գործառույթը վերապահել Պետական վերահսկողական ծառայությանը: Օրենսդրական կարգավորումների արդյունքում Ֆինանսների նախարարության տվյալ գործառույթն իրականացնող ստորաբաժանումը վերակազմավորման արդյունքում հանվելու է նախարարության կազմից եւ գործելու է ՀՀ պետական վերահսկողական ծառայության կազմում: Բացի այդ՝ գործող Օրենքով հստակ բնորոշված եւ միմյանցից տարանջատված չեն Ծառայության վերահսկողական գործառույթները, դրանցից յուրաքանչյուրի իրականացման ընթացքում Ծառայությանը վերապահված իրավասությունները, ինչպես նաև օրենքում առկա են ընդհանուր ձևակերպումներ, որոնք գործնականում տարընթերցումների տեղիք են տալիս: Ըստ առաջարկվող փոփոխության՝ հստակ սահմանվել են Ծառայության ընդհանուր իրավասությունները, առավել հստակեցվել են ուսումնասիրությունների եւ մշտադիտարկումների իրականացման ընթացակարգերը` որպես վերահսկողության իրականացման եղանակներ:
Նախագծով սահմանվել են վերահսկվող օբյեկտների կոնկրետ շրջանակները, մասնավորապես՝ ի թիվս այլոց, որպես վերահսկվող օբյեկտներ են այսուհետ նախատեսվել, նաև Վարչապետի աշխատակազմը եւ մարզպետների աշխատակազմերը:
Վերահսկողական լիազորությունների իրականացման ընթացքում Ծառայության գործունեությանը խոչընդոտներ ստեղծելու հնարավոր դեպքերը կանխելու եւ հակազդելու նպատակով՝ այսուհետ սահմանվելու է վարչական պատասխանատվություն:
Ծառայության լիազորությունների շրջանակներում վերահսկողական լրացուցիչ գործիքակազմեր են նախատեսվել՝ տեղական ինքնակառավարման մարմիններին տրամադրված սուբսիդիաների, սուբվենցիաների կամ դոտացիաների կառավարման օրինականության վերահսկողության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով:
Նախագծով կանոնակարգվել են նաև որոշակի գաղտնիք պարունակող տվյալների ստացման ընթացակարգերը:
Նախագծում առկա նոր իրավակարգավորումներով կստեղծվեն Ծառայության գործունեության արդյունքում հայտնաբերված ենթադրյալ կոռուպցիոն իրավախախտումների դեպքերի արձանագրման առավել լայն հնարավորություններ՝ դրանցով նպաստելով կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանը: