Ֆիլիպինները Չինաստանն անվանել է «ագրեսոր»

Ֆիլիպինները Չինաստանն անվանել է «ագրեսոր»՝ նրան մեղադրելով Հարավչինական ծովում «լարվածության աճի» եւ բախման մեջ, որի հետեւանքով վնասվել է Մանիլայի նավակներից մեկը պաշարների լրացման առաքելության ժամանակ, տեղեկացրել է Reuters-ը։

«Բոլոր միջադեպերը վկայում են այն մասին, որ ագրեսոր է ոչ թե Ֆիլիպինները, այլ Չինաստանը»,- ասել է Ֆիլիպինների արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Թերեսիտա Դասան։

Չինաստանի ափային պահպանության ծառայությունը կիրակի հայտարարել էր, որ տեղի է ունեցել «ոչ մեծ բախում» իր նավերից մեկի եւ ֆիլիպինյան նավակի միջեւ այն ժամանակ, երբ ափային պահպանությունն «օրինականորեն» արգելափակել էր նավի կողմից «անօրինական շինանյութերի տեղափոխումը»։

Ֆիլիպինների նախագահ Ֆերդինանդ Մարկոս-կրտսերը երկուշաբթի անվտանգության հարցերի գծով խորհրդակցություն է անցկացրել եւ քննարկել Չինաստանի «վերջին խախտումը»։ Նա հրամայել է հետաքննել միջադեպը։

Լարվածությունը Չինաստանի եւ Ֆիլիպինների հարաբերություններում խորացել է Մարկոսի օրոք, որը դժգոհում էր Պեկինի ագրեսիվ պահվածքից եւ ձգտում ավելի սերտ կապեր հաստատել ավանդական դաշնակցի՝ Միացյալ Նահանգների հետ։

Մանիլայի եւ Պեկինի ծովային առճակատումները սովորական են դարձել Հարավչինական ծովում, քանի որ երկու երկրները հայտարարում են ռազմավարական ջրերում իրենց տարածքային հավակնությունների մասին։

Ֆիլիպինները Չինաստանին խորհուրդ է տվել դադարեցնել «անօրինական» եւ «սադրիչ» գործողությունները Հարավչինական ծովում՝ հայտարարելով, որ նրանք պետք է հարգեն Հաշտարար դատարանի մշտական պալատի 2016թ. որոշումը, որում ասվում է, որ Չինաստանի ծավալապաշտական հավակնությունները իրավաբանական հիմք չունեն։